Կոբախիձեն շնորհավորել է Պետեր Մագյարին

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Վիկտոր Օրբանի մրցակից Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից շնորհավորում եմ Պետեր Մագյարին և նրա կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում Վիկտոր Օրբանին և նրա թիմին տարիների ընթացքում Վրաստանի և վրաց ժողովրդի ազգային շահերին ցուցաբերած ակնառու, անսասան աջակցության համար։

Վրաստանը և Հունգարիան կապված են բարեկամության և գործընկերության երկար պատմությամբ, որը, անշուշտ, կշարունակվի», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան և ընդդիմադիր «Ֆեդերալիստներ» կուսակցությունը։