Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված ժողովում մայիսի 11-ին Վրաստանի 142-րդ Պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրին։
Ընդլայնված եկեղեցական ժողովի տեղեկացմամբ՝ նորընտիր Պատրիարքն անվանվելու է Շիո III։
Որոշման մասին հայտնել է Մանգլիսիի և Թեթրիծկղարոյի միտրոպոլիտ Անանիան (Ջափարիձե). նա ձայների հաշվիչ հանձնաժողովի նախագահն է։
«Վրաստանի Սուրբ առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու առաջնորդն է Սրբագույն և Երանաշնորհ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, մեծ տեր, մեր հայր Շիո Երրորդը, Աքսիոս (արժանի է)»,- քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ասել է Անանիա Ջափարիձեն։
Ձայների հարաբերակցությունը բախշվել է հետևյալ կերպ.
• Միտրոպոլիտ Շիո (Մուջիրի) — 22 ձայն
• Մրովել-Ուրբնելիի միտրոպոլիտ Իոբ (Աքիաշվիլի) — 9 ձայն
• Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ (Բերբիճաշվիլի) — 7 ձայն
• Մեկ ձայն անվավեր է ճանաչվել (ոչ մի թեկնածու նշված չի եղել)։
Ընդլայնված ժողովը
14-րդ ժողովը, որն անցկացվել է Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում, նախագահում էր պատրիարքական գահի տեղապահ, միտրոպոլիտ Շիո Մուջիրին։ Նա նիստի սկզբում հանդես է եկել ներածական խոսքով.
«Այսօր մենք կանգնած ենք պատմական իրադարձության առջև։ Հավաքված լինելով Սուրբ Երրորդության այս հոյակերտ տաճարում՝ մենք լիովին վստահում ենք Աստծո տնօրինությանը, որպեսզի միասնությամբ և համաձայնությամբ ընտրենք Վրաստանի ուղղափառ առաքելական ավտոկեֆալ եկեղեցու նոր հովվապետին… Փառք Աստծո, որ այսօր այստեղ հավաքվելով` խաղաղությամբ և միասնությամբ շարունակում ենք ծառայությունը եկեղեցուն և ազգին»։
Ժողովի բացմանն ընդառաջ միտրոպոլիտ Սաբա Գիգիբերիան առաջին խոսքով դիմել է ժողովի մասնակից 1200 պատվիրակներին։ Նրանք քվեարկությանը չեն մասնակցել. քվեարկելու իրավունք ունեին միայն Սինոդի 39 անդամները։
Տաճարում ներկա են եղել պատրիարքության բոլոր երեք թեկնածուները։ Նախքան ժողովի բացումը կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի, որի մահից հետո առաջ եկավ նոր Պատրիարք ընտրելու անհրաժեշտություն։
Քվեարկության ընթացակարգը
Ձայնի իրավունք ունեցող անդամներին բաժանվել են երեք թեկնածուների անուններով քվեաթերթիկներ։ Ըստ կանոնադրության՝ առաջին իսկ տուրում հաղթելու համար անհրաժեշտ էր ձայների 50%+1 (տվյալ դեպքում՝ 20 ձայն)։ Միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն։
Գահակալությունը (Ինտրոնիզացիա)
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 12-ին, Մցխեթայի Սվետիցխովելիի տաճարում։
«Ըստ ավանդույթի՝ ընտրվելուց հետո առաջին իսկ կիրակի կամ մեծ տոնին Պատրիարքն արդեն պետք է պաշտոնավարի։ Ամենամոտ նման տոնը վաղն է՝ Սուրբ Անդրեաս Նախակոչի Վրաստան մուտք գործելու օրը, ուստի գահակալությունը տեղի կունենա վաղը Սվետիցխովելիում՝ առավոտյան ժամը 10:00-ին»,- ասել է միտրոպոլիտ Շիոն։
Շիո III-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ շնորհավորել են «Վրացական երազանք»-ի և ընդդիմության, նաև հասարակության տարբեր ներկայացուցիչներ։
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ տիկնոջ՝ Էկատերինա Իվանիշվիլիի հետ միասին, շնորհավորական հայտարարության մեջ գրել է. «Այսօրվանից ձեզ վրա է դրված պատվաբեր և միաժամանակ պատասխանատու առաքելություն՝ առաջնորդել մեր մայր եկեղեցին և լինել յուրաքանչյուր ուղղափառ վրացու, ազգի և հոգևորականության հոգևոր հայրը։
Ձերդ Սրբություն, մեծագույն պատմական պատասխանատվություն է ծառայել եկեղեցուն և երկրին այն ժամանակ, երբ հասարակությանը հատկապես անհրաժեշտ է հոգևոր տոկունություն, միասնություն և խաղաղություն։ Այս պատասխանատվությունն է՛լ ավելի մեծ է՝ հաշվի առնելով, որ դուք շարունակում եք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի ուղին, որը կես դար շարունակ՝ դժվարին և փոթորկալից ժամանակաշրջանում, արժանապատվորեն առաջնորդեց մեր ժողովրդին և երկիրը։ Հավատում ենք, որ ձեր գործունեությունը կդառնա խաղաղության, աջակցության և ազգային միասնության հիմքը և է՛լ ավելի կամրապնդի Վրաստանի եկեղեցու բազմադարյա ավանդույթներն ու արժեքները, որոնց հենված է մեր ազգային ինքնությունը։ Մաղթում ենք ձեզ առողջություն, ուժ և հոգևոր տոկունություն։ Աստված օրհնի Ձերդ Սրբությանը և համայն Վրաստանը»։
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես շնորհավորել է Շիո III-ին.
«Հավատում ենք, որ դուք արժանապատվորեն կշարունակեք այն մեծ հոգևոր ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ առանձնահատուկ իմաստնությամբ և սիրով ստեղծում էր մեր Սրբագույն և Երանաշնորհ Պատրիարք Իլիա II-ը։ Մայր եկեղեցին միշտ եղել է Վրաստանի պետականության և ազգի հոգևոր ամրության անսասան հենասյունը։ Հենց ուղղափառ հավատքն է պահպանել այն հավերժական արժեքները, որոնք մեր երկիրը հասցրել են մինչև օրս։ Հավատում եմ, որ ձեր հովվապետությունը կծառայի մեր հայրենիքի խաղաղ, միասնական և հզոր ապագային։ Աստված պահապան լինի մեր երկրին և նրա նոր հոգևոր հորը»,- ասված է Իրակլի Կոբախիձեի շնորհավորական հայտարարության մեջ։
Շիո III-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու վերաբերյալ գրառման մեջ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին գրել է, որ «պատմությունը շարունակվում է, ցնծում է Վրաստանի 2000-ամյա եկեղեցին»։
«Այսօր՝ 2026 թվականի մայիսի 11-ին, Աստծո կամքով, Նրա երկուհազարամյա եկեղեցում, Անդրեաս Նախակոչի գահին, Վրաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին ընտրվեց նոր Պատրիարք, արժանավոր քահանայապետ՝ արժանավորների մեջ։
Սրբագույն և Երանաշնորհ Շիո III, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ — թող կամենա Տերը, որպեսզի երկար տարիներ հենց այսպես հիշատակենք Վրաստանի եկեղեցու առաջնորդին։
Աստծո ողորմությունն ու շնորհը չպակասեն նրանից։ Ծանր է Պատրիարքի խաչը, և դա կրելը առանձնահատուկ զորակցության կարիք ունի։
Բոլորիդ շնորհավորում եմ այս մեծագույն պատմական օրվա առթիվ։
Պատմությունը շարունակվում է, ցնծում է Վրաստանի 2000-ամյա եկեղեցին»,- գրել է Պապուաշվիլին։
Շիո III-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ շնորհավորել է նաև «Վրացական երազանք»-ի խիրհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։
«Մեր եկեղեցու համար նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը մեծագույն ազգային և հոգևոր նշանակության իրադարձություն է, քանի որ դա ուղղակիորեն կապված է մեր հայրենիքի և ժողովրդի հոգևոր կյանքի, միասնության և բազմադարյա ավանդույթների հետ։
Հավատում եմ, որ ձեր առաջնորդությամբ Վրաստանի ուղղափառ եկեղեցին է՛լ ավելի կամրապնդվի։ Կաթողիկոս-Պատրիարքի դերը հասարակության մեջ խաղաղության, սիրո և փոխադարձ հարգանքի հաստատման գործում անչափելի է։ Համոզված եմ, որ ձեր գործունեությունը հենց այդ արժեքներին կհենվի։
Ձերդ Սրբություն, մաղթում եմ ձեզ բեղմնավոր և աստվածահաճո ծառայություն։ Թող ձեր գործունեությունը դառնա բազում բարի գործերի հիմք մեր եկեղեցու, հայրենիքի և յուրաքանչյուր հայրենակցի համար։ Անկեղծորեն մաղթում եմ ձեզ արժանապատվորեն շարունակել ազգի գլխավոր հենասյան՝ Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի ժառանգությունը։
Աստված լինի ձեր և համայն Վրաստանի պահապանը»,- գրել է Միխեիլ Կղավելաշվիլին սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մի մասը նույնպես շնորհավորել է Շիո III-ին Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ։
«Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցության հայտարարության մեջ ասված է, որ իրենք հավատում են՝ «նոր Պատրիարքի առաջնորդությամբ Վրաստանի ուղղափառ եկեղեցին արժանապատվորեն կշարունակի այդ պատմական առաքելությունը և կարևոր դեր կխաղա ազգային միասնության, հասարակական համաձայնության, հոգևոր հանգստության հասնելու և երկրի կայուն զարգացման գործում»։
«Մենք հաստատապես հավատում ենք, որ ուժեղ և ժամանակակից վրացական պետությունը հիմնված է ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի, կրոնական ազատության պաշտպանության և պետության ու եկեղեցու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության վրա, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ սեփական պատասխանատվությամբ ծառայում է երկրի և հասարակության բարօրությանը։
Աստծո օգնությամբ Վրաստանի ուղղափառ եկեղեցուն, նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին և համայն Վրաստանին մաղթում ենք խաղաղություն, միասնություն և արժանապատիվ ապագա»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ին «ազգի հոգևոր հզորացման կարևորագույն առաքելության կատարման գործում հաջողություն են մաղթել» «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչները։
«Հավատում ենք, որ Վրաստանի եկեղեցին կմնա խաղաղության, աջակցության և ազգային միասնության հենարանը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին գրել է.
«Շնորհավորում եմ Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցուն, ծխական համայնքի յուրաքանչյուր անդամին և ողջ եկեղեցուն՝ Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության առթիվ։ Թող Տերը կամենա մեր եկեղեցու ամրապնդումն ու հզորացումը։
Կաթողիկոս Շիոյի խաչը ծանր է. դա Պատրիարքներ Կիրիոնի, Լեոնիդեի, Ամբրոսիի, Քրիստեփորեի և մյուսների խաչն է։ Աստծուն խնդրում եմ, որ զորակից լինի և ուժ տա նոր Պատրիարքին ու պահպանի Վրաստանի ուղղափառ եկեղեցին»։
Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Էպիֆանեն ևս շնորհավորել է Շիո III-ին Վրաստանի ուղղափառ եկեղեցու Պատրիարք ընտրվելու առթիվ։
«Ի սրտե շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի ուղղափառ եկեղեցու նորընտիր առաջնորդին՝ բարձր և պատասխանատու կոչում ստանալու առթիվ»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Էպիֆանեն իր շնորհավորական նամակում հիշատակել է հանգուցյալ Պատրիարք Իլիա II-ին և գրել, որ Շիո Մուջիրին պատրիարքական գահին կբազմի «իր նախորդի բազմամյա վաստակից հետո», իսկ Իլիա II-ի մասին գրել է.
«Նրա կյանքն ու գործունեությունը Քրիստոսին հավատարմության, եկեղեցուն անձնվեր ծառայության և սեփական ժողովրդի հանդեպ հոգևոր հոգատարության օրինակ էր»։
Նորընտիր Պատրիարքին նա մաղթել է «բազում օրհնյալ տարիներ, իմաստնություն, հոգևոր ուժ և Աստծո օգնություն՝ լինելու վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդը»։
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը ևս միացել է շնորհավորանքներին.
«Ձերդ Բարձր Սրբազնություն, թանկագի՛ն Սրբազան։
Սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առթիվ…
Աղոթում եմ, որպեսզի Աստծո օգնությամբ Ձեր քահանայապետական ծառայության մեջ արժանապատվորեն շարունակվեն եղբայրական հարաբերությունների ավանդույթները, որոնք ձևավորվել են Ձեր արժանավոր նախորդների, հատկապես՝ ողջ ուղղափառ աշխարհում հարգված, հավետ հիշատակելի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի ժամանակ»։
Հիշեցնենք, մարտի 17-ին, 93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալու 49-րդ տարում, վախճանվեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:
Կարդացեք ավելին՝