Transparency International Georgia կազմակերպությունը հրապարակել է պաշտոնատար անձանց հայտարարագրած նվերների ուսումնասիրության արդյունքները։
Կազմակերպության տարածած զեկույցում նշված է, որ 2025 թվականի սեպտեմբերից 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում 379 պաշտոնատար անձ ստացել է 24 միլիոն լարի ընդհանուր արժողությամբ նվերներ։
Կազմակերպության տվյալներով՝ պաշտոնյաները դրամական նվերների տեսքով ստացել են 11 միլիոն լարի, իսկ անշարժ գույքի տեսքով՝ 12 միլիոն լարի։ Որպես նվեր ստացել են նաև ավտոմեքենաներ, զենք և զարդեր։ Նվերների 60.78%-ը նրանք ստացել են ծնողներից։
Ըստ գերատեսչությունների՝ ընդհանուր առմամբ ամենամեծ արժողությամբ նվերներ ստացել են Ներքին գործերի նախարարությունում՝ 2,3 միլիոն լարի։
«2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլը ներառյալ հայտարարագիր է լրացրել ավելի քան 4700 պաշտոնատար անձ։ Նրանցից նվերներ է հայտարարագրել 379 պաշտոնյա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն լարի։
Պաշտոնատար անձինք ամենից հաճախ նվեր են ստանում անշարժ գույքի տեսքով։ 09.2025-04.2026 ժամանակահատվածում 100 անձ ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 12 միլիոն լարի արժողությամբ անշարժ գույք։ Անշարժ գույքից 48-ը բնակելի տներ են, իսկ 69-ը՝ հողատարածքներ։
233 պաշտոնատար անձ ընդհանուր առմամբ ստացել է 11 միլիոն լարի դրամական նվերների տեսքով, ինչը միջինում մեկ անձի հաշվով կազմում է 47 հազար լարի։ Նրանցից 28 պաշտոնյա ստացել է 100 հազար լարիից ավելի գումար։ Որպես նվեր հայտարարագրվել է նաև 28 ավտոմեքենա և 6 զենք։
Դրամական նվերների դեպքում գումարը հաճախ նշված է դոլարով կամ եվրոյով։ 09.2025-04.2026 ժամանակահատվածում ստացված 11 միլիոն լարիի նվերներից 5,6 միլիոն լարին եղել է դոլարով, իսկ 1,7 միլիոնը՝ եվրոյով։
Ըստ ընդհանուր արժեքի՝ պաշտոնատար անձինք նվերների 60.78%-ը (14,9 միլիոն լարի) ստացել են ծնողներից, 4,3 միլիոն լարիի նվերներ՝ քույրերից ու եղբայրներից, 2,4 միլիոն լարի՝ ազգականներից, իսկ 1,3 միլիոնը՝ զավակներից։
Նվերներ են ստացել 158 տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ։ Ամենամեծ ընդհանուր արժեքով նվերներ ստացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները. 46 աշխատակից միասին ստացել է 2,3 միլիոն լարիի նվերներ։ Հաջորդում է Արտաքին գործերի նախարարությունը, որտեղ ընդհանուր ստացել են 2 միլիոն լարիի նվերներ։ Այնուհետև գալիս է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը, որտեղ 9 աշխատակից միասին ստացել է 1,6 միլիոն լարի արժողությամբ նվեր»,- ասված է զեկույցում։
TI-ն հրապարակել է նաև այն 10 անձանց անունները, որոնք, ըստ 09.2025 — 04.2026 թվականների հայտարարագրերի, ստացել են ամենամեծ արժողությամբ նվերները.
Թամար Դոլիձե՝ 930 հազար 60 լարի,
Դեմուր Սուլաբերիձե՝ 900 հազար լարի,
Զուրաբ Գոզալիշվիլի՝ 800 հազար լարի,
Միխեիլ Սարջվելաձե՝ 500 հազար լարի,
Պաատա Պատիաշվիլի՝ 446 հազար 80 լարի,
Խաթունա Թոթլաձե՝ 408 հազար լարի,
Կախաբեր Գավաշելի՝ 408 հազար լարի,
Նինո Մդինարաձե՝ 389 հազար 677 լարի,
Սանդրո Ցաբուտաշվիլի՝ 377 հազար 800 լարի,
Թինաթին Մեձմարիշվիլի՝ 338 հազար 750 լարի։