Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ազգային անտառային գործակալությունը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է պետական անտառի տարածքում տեղաշարժվելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն և պահպանել անտառում գործող հրդեհային անվտանգության կանոնները։
«Հատկապես զբոսաշրջային ակտիվ շրջանում տարածաշրջանային անտառային ծառայությունների աշխատակիցներն ակտիվորեն պարեկություն են իրականացնում պետական անտառի տարածքում և համապատասխան հանձնարարականներ փոխանցում զբոսաշրջիկներին, որպեսզի հնարավոր նվազագույնի հասցնեն անտառային հրդեհների ռիսկերը։ Ըստ վիճակագրության՝ անտառային հրդեհների առաջացման հիմնական պատճառը հենց մարդկանց անուշադրությունն է (անփութությունը)։ Հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացրել ենք բազմաթիվ տեղեկատվական արշավներ, և կարևոր է հաշվի առնել այն հանձնարարականները, որոնք տարածվում են պիկնիկի և խարույկի վայրեր կազմակերպելիս, որպեսզի հասցնենք հնարավոր նվազագույնի անտառային հրդեհների ռիսկերը»,- ասել է Անտառի խնամքի և վերականգնման դեպարտամենտի ղեկավար Դաթա Կոբախիձեն։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ազգային անտառային գործակալության հաղորդմամբ՝ անտառային հրդեհների կանխարգելման նպատակով երկրի ողջ տարածքում՝ հրդեհավտանգ և զբոսաշրջային ակտիվ գոտիներում, տեղադրված են տեղեկատվական-զգուշացնող նշաններ։ QR կոդի միջոցով այցելուները կարող են ծանոթանալ անտառում անվտանգ տեղաշարժվելու կանոններին, նաև պիկնիկի վայրերի կազմակերպմանն ու խարույկ վառելուն վերաբերող պահանջներին։
«Հիշեցնենք, որ Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ անտառում հրդեհային անվտանգության պահանջների խախտումը, որին հաջորդում է հրդեհ կամ դրա տարածում, առաջացնում է տուգանք 300-ից 500 լարիի չափով։ Իսկ անտառում անփութությամբ առաջացած հրդեհի դեպքում օրենսդրությունը նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ։