Նոր օրենք սուպերմարկետների և մատակարարների համար

«Վրացական երազանք»-ը խորհրդարանի աշնանային նստաշրջանում ներկայացնելու է նոր օրենսդրական նախագիծ «Սննդամթերքի մատակարարման շղթայում անբարեխիղճ առևտրային պրակտիկայի արգելման մասին»։

Նոր օրենսդրական նախագծի համաձայն՝ «գնորդները մատակարարներին միակողմանիորեն և անարդարացիորեն պայմաններ են պարտադրում», ինչը սպառնալիք է ստեղծում սննդի շղթայի կայունության համար։

«Սննդամթերքի մատակարարման շղթայում առկա է բանակցային ազդեցության էական անհավասարակշռություն։ Գնորդները մատակարարներին միակողմանիորեն և անարդարացիորեն պայմաններ են պարտադրում (վճարումների հետաձգում, պատվերների ուշացած չեղարկում և այլն), ինչը սպառնալիք է ստեղծում սննդի շղթայի կայունության համար»,- ասված է որոշման մեջ։

Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիայի նախագահ Լաշա Ռիժամաձեն հույս ունի, որ Կառավարության նոր օրենսդրական նախագիծը նախ քննարկվելու է գործարարների հետ և դրանից հետո է ներկայացվելու խորհրդարան։

«Կան մի շարք վճարներ, որոնք մեր իրականությունից և արտասահմանյան փորձից ելնելով կարող ենք կարգավորել օրենքի մակարդակով․ լինի դա, օրինակ, նոր խանութի բացման վճարը, թե ցանկացած այլ բան, սա քննարկման առարկա է։ Կարծում ենք, որ սա պետք է տեղի ունենա բոլոր կողմերի մասնակցությամբ։

Մինչ այժմ հաղորդակցություն ունեինք Էկոնոմիկայի նախարարության հետ, վերջին շրջանում այդ հաղորդակցությունն էլ չունենք։ Ինչպես պարզվեց, Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունն է ներկայացնելու այս օրենսդրական նախագիծը ընթացիկ աշնանային նստաշրջանում։ Հույս ունեմ՝ դա կներկայացվի գործարարներին, կմշակվի նրանց հետ միասին և նոր միայն կներկայացվի համապատասխան մարմնին»,- ասել է Լաշա Ռիժամաձեն։