Բաթումի-Սարփի նոր ճանապարհը կկառուցի չինական ընկերությունը

Բաթումի-Սարփի նոր մայրուղու կառուցման պայմանագիրը կստորագրվի չինական China Railway Tunnel Group ընկերության հետ, տեղեկացրել է Վրաստանի կառավարությունը։

«Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ կառավարությունը հաստատել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի և չինական ընկերության միջև կնքվելիք պայմանագիրը։

Կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրել է 306,6 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Բաթումի-Սարփի մայրուղու կառուցման համար, որից հետո հայտարարվել է միջազգային մրցույթ։ Շինարարության ժամկետը 48 ամիս է։

Բաթումի-Սարփի նախագիծը նախատեսում է 11,3 կիլոմետր երկարությամբ երկշերտ ճանապարհի կառուցում։ Դրա հիմնական մասը կլինի 7,6 կիլոմետրանոց թունել, որը կձգվի Ախալսոփելիի տարածքից մինչև Սարփի։ Նախատեսվում է նաև երեք կամրջի կառուցում: