Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիում գործող Frame կրթական կազմակերպությունը հայտարարել է «անցանկալի կազմակերպություն»։
Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, հղվելով ռուսական Mediazona լրատվամիջոցին, որը տեղեկատվությունը գտել է Ռուսաստանի արդարադատության նախարարության գրանցամատյանում։
Գրանցամատյանի համաձայն՝ գլխավոր դատախազությունը համապատասխան որոշումը կայացրել է սեպտեմբերի 29-ին, չնայած հրապարակայնորեն չի հայտարարել դրա մասին։
Ռուսաստանում «անցանկալի կազմակերպության» նյութերը սոցիալական ցանցերում տարածելը կամ դրա միջոցառումներին մասնակցելը, այդ թվում՝ արտասահմանում, կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ։ Կրկնակի խախտումների դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ մեկից չորս տարի ազատազրկում։
Frame կրթական կազմակերպությունը Թբիլիսիում բացվել է 2022 թվականի մարտին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց։ Այն հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգից Վրաստան եկած համանուն ոչ ֆորմալ կրթական նախագծի հեղինակների կողմից։