Ախալքալաքում և Ախալցիխեում կարտոֆիլի բերքահավաքի գործընթացը հորդառատ անձրևների պատճառով հապաղում է։ Տեղի արտադրողները մտավախություն ունեն, որ եթե եղանակը չպարզվի, բերքի մի մասը հավաքել չեն հասցնի։ Կարտոֆիլ արտադրող Իլիա Կղավրելիշվիլին BM.GE-ի հետ զրույցում հայտնել է, որ թաց հողը աշխատանքների շարունակումն անհնար է դարձնում, իսկ հանված ցեխոտ արտադրանքի իրացումը կապված է լրացուցիչ բարդությունների հետ։
Կղավրելիշվիլիի խոսքով՝ այս փուլում նա ունի մոտ 400 տոննա պահեստավորման ենթակա կարտոֆիլ, սակայն առկա եղանակային պայմաններում բերքահավաքի վերսկսումը առնվազն մեկ շաբաթ հնարավոր չի լինի։ Նրա գնահատմամբ՝ եթե անձրևոտ եղանակը շարունակվի և Ջավախքում ձյուն գա, ֆերմերների մի մասի բերքը կմնա հողում։
«Կլիմայական պայմանների պատճառով շատ վատ իրավիճակ է, և բերքի մեծ մասը կարող է հողում մնալ, քանի որ այս կլիմայական պայմաններում չենք կարողանա բերքն ամբողջությամբ պահեստավորել։ Անձամբ եմ մոտ 400 տոննա կարտոֆիլ դեռ ունեմ հավաքելու, բայց այնպիսի անձրևներ են, որ մինիմում մեկ շաբաթ աշխատանքների վերսկսումն անգամ անհնար է», — հայտարարել է Կավրելիշվիլին։
Նրա պարզաբանմամբ՝ խնդիրը միայն բերքահավաքի հետաձգումը չէ։ Անձրևից հետո հողից հանված կարտոֆիլը թաց է և ցեխոտ, ինչը ինչպես բերքահավաքի գործընթացը, այնպես էլ արտադրանքի որակի պահպանումն ու իրացումն է դժվարացնում։