Վրաստանն ու Թուրքիան հուշագիր են կնքել՝ օրգանների փոխպատվաստման և դոնորություն ոլորտի զարգացման նպատակով՝ հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է՝ փոխպատվաստման լաբորատորիան ապահովել նյութական, տեխնիկական և ինժեներական ռեսուրսներով: Մասնագետները կվերապատրաստվեն, կստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա, կձևավորվի փոխպատվաստման ազգային համակարգ:
Հուշագիրը ստորագրվել է Վրաստանի փոխպատվաստման ասոցիացիայի, Թուրքիայի փոխպատվաստման ընկերության և Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) միջև:
Վրաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է իրականացվել 2013 թ-ին: 20-ժամյա վիրահատությունն իրականացվել է Բաթումիում: Դրանից հետո վրացի բժիշկների կողմից կատարված բոլոր վիրահատությունները հաջող են անցել: Պացիենտները, որոնք վիրահատվելու համար ստիպված էին մեկնել արտերկիր, այժմ կարող են որակյալ բժշկական օգնություն ստանալ Աջարիայի կլինիկաներում:
«Սա շատ պահանջված ուղղություն է: Լյարդի և երիկամների փոխպատվաստման ծառայություններն արագ են զարգանում: Այնուամենայնիվ, որակը բարելավելու համար շատ կարևոր է խորացնել միջազգային համագործակցությունը: Այսօրվա հանդիպումն ու հուշագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի փոխպատվաստման ընկերության հետ և նախաձեռնությունը, որն իրականացվելու է Թուրքիայի տեխնիկական համակարգման գործակալության աջակցությամբ, ուղղված են վրացի մասնագետների հմտությունների կատարելագործմանը, դասընթացների անցկացմանը և, ընդհանուր առմամբ՝ համագործակցության ամրապնդմանն՝ այս ոլորտում », — լրատվամիջոցներին ասել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: