Աբխազական կողմը Վրաստանի քաղաքացուն դատապարտել է լրտեսության մեղադրանքով

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո Գերագույն դատարանը Կախա Մուրադովին, որ ձերբակալվել էր 2024 թվականի գարնանը «Վրաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով, մեղավոր է ճանաչել «պետական ​​դավաճանության» և ապօրինի զենք պահելու մեջ։ Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «դատավճիռը» հրապարակվել է 2025 թվականի հունվարի 21-ին։

Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության դատախազության տվյալներով՝ Մուրադովն իրեն մեղավոր չի ճանաչել ո՛չ հետաքննության, ո՛չ էլ դատարավարության ընթացքում։

Վրաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Մուրադովի նկատմամբ աբխազական «դատարանի որոշումը»։

Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության անվտանգության ծառայությունը 2024 թվականի մայիսի 14-ին հայտարարեց, որ ապրիլի 24-ին Գագրայում ձերբակալվել է «Վրաստանի և Աբխազիայի քաղաքացի» Կախա Մուրադովը, որ կասկածվում է «հօգուտ Վրաստանի պետական ​​դավաճանության» մեջ։

Դե ֆակոտ Անվտանգության ծառայության տվյալներով՝ Մուրադովը փորձել է աբխազ բնակիչներին ներքաշել գաղտնի գործողությունների մեջ՝ ի շահ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Ասվում էր նաև` Մուրադովը, որ 1994-1999 թվականներին աշխատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, կապ է ունեցել 1990-ականներին գործող ռազմական խմբավորումների, այդ թվում՝ «Մխեդրիոնի»-ի (վրացական ռազմական կազմակերպություն 1989-1995թթ.) նախկին հրամանատարների հետ։