Աֆգան Սադիգովը ազատ է արձակվել

«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) հայտնել է, որ Աֆգան Սադիգովն ազատ է արձակվել բանտից։

«Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Աֆգան Սադիգովի նկատմամբ կիրառված արտահանձնման կալանքը փոխարինել գրավով»։ — հայտնել է կազմակերպությունը։

SJC-ի տվյալներով՝ Աֆգան Սադիգովի արտահանձնման կալանքի ժամկետը պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 3-ին, ինչի պատճառով դատախազությունը ստիպված էր դիմել դատարան՝ խափանման միջոցը փոխելու համար։

SJC-ն միջնորդել էր Աֆգան Սադիգովի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չկիրառել, սակայն դատարանը չբավարարեց այդ միջնորդությունը և Աֆգան Սադիգովի նկատմամբ խափանման միջոց նշանակեց 5000 լարիի չափով գրավը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Ագղան Սադիգովի դեմ իր վճիռը հիմնավորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ, որն արգելում էր Վրաստանի կառավարությանը արտաքսել վտարանդի լրագրողին Ադրբեջան։ «Աֆգան Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան արգելված է այնքան ժամանակ, քանի դեռ Ստրասբուրգի դատարանը գործի վերաբերյալ էական որոշում չի կայացրել՝ գործընթաց, որը կարող է տևել տարիներ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։