Աֆգան Սադիգովի դեմ քրեական հետապնդում կսկսվի՞

Սոցիալական արդարադատության կենտրոնի տվյալներով՝ հունվարի 16-ին ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովին հանձնվել է դատարանի որոշում, որի համաձայն՝ նրա դեմ հարուցված վարչական վարույթը դադարեցվել է, և գործը փոխանցվել է Ներքին գործերի նախարարությանը՝ հետագա արձագանքի համար։

Աֆգան Սադիգովը բանտից դուրս գալուց ի վեր ամեն օր մասնակցում է Ռուսթավելիի պողոտայում ընթացող Վրաստանի քաղաքացիների ակցիաներին։ Նրան թույլ չեն տալիս լքել երկիրը։

«Դատարանի գնահատմամբ՝ Սադիգովի գործողությունները պարունակում են քրեական հանցագործության տարրեր, քանի որ նախկինում նա վարչական պատժի է ենթարկվել նույն հիմքերով։ Գործը վերաբերում է խաղաղ բողոքի ակցիային մասնակցելուն և ճանապարհ փակելուն. այս հիմքով վերջին շաբաթներին դատարանը դադարեցրել է մի շարք ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթը և գործերը փոխանցել Ներքին գործերի նախարարությանը՝ քրեական գնահատականի համար»։

Կազմակերպությունը կարծում է, որ «Վրացական երազանք»-ի վերջերս ընդունած օրենսդրական փոփոխությունները գործնականում ստեղծել են քրեական պատասխանատվության իրական սպառնալիք բողոքի խաղաղ ակցիաներին բազմիցս մասնակցողների համար։

«Վրաստանի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան հստակ ցույց է տալիս, որ տեղաշարժի ժամանակավոր խափանումը հավաքների ազատության անբաժանելի մասն է և չպետք է հանգեցնի ձերբակալության կամ բանտարկության՝ ոչ բռնի բողոքի ցույցերի դեմ։ Այնուամենայնիվ, ներկայիս պրակտիկան համակարգված կերպով խախտում է այս չափանիշները և ստեղծում է «սառեցնող ազդեցություն» բողոքի ցույցի մասնակիցների համար»։

Այս փուլում հայտնի չէ, թե երբ է Ներքին գործերի նախարարությունը սկսելու հետաքննությունը, և արդյոք մեղադրանք կառաջադրի՞ Աֆգան  Սադիգովին։ «Մենք շարունակում ենք պաշտպանել Աֆգան Սադիգովի շահերը և հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն գործի զարգացման վերաբերյալ», — հայտարարել է Սոցիալական արդարադատության կենտրոնը։