Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. ԱԳՆ-ի հայտարարությունը

Հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի սրման մեծ հավանականությունը՝ Կիևում Վրաստանի դեսպանատունը և հյուպատոսություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտարարությունը տարածել է Վրաստանի արտգործնախարարությունը:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ՝ ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցության համար, եթե քաղաքացիները որոշեն լքել Ուկրաինայի տարածքը», — ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է թեժ գիծ՝

  • +380 (63) 376 77 68
  • +380 (93) 761 17 17

Նախարարության տվյալներով՝ Վրաստանն ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին և մշտական ​​կապի մեջ է ուկրաինացի գործընկերների և գործընկեր կազմակերպությունների հետ։

Նշենք, որ մի շարք երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Նիդեռլանդները և այլն։

Արևմուտքն ակնկալում է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա. Ռուսաստանը ժխտում է Ուկրաինա ներխուժելու ծրագիրը և հայտարարում, որ զորավարժություններ է անում սահմանին։