Ագիտացիայի դեպքեր Մառնեուլիում

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ Մառնեուլիի 2-րդ ընտրատեղամասը վերահսկում են չարտոնված անձինք: Աղբյուրը փոխանցել է, որ շենքում կան տղամարդիկ և հարցնում են մտնողներին ու դուրս եկողներին իրենց ընտրության մասին: Նրանք չեն պատասխանել TV Pirveli-ի լրագրողների հարցերին՝  թե ովքեր են և ինչ են անում այնտեղ։

Անձանցից մեկը, որը ընտրատեղամաս է ժամանել երրորդ անգամ, պնդել է, որ եկել է քվեարկելու։

«Ես եկել եմ ընտրությունների: Ես երեք անգամ այստե՞ղ եմ եղել. եթե կարող եք` ապացուցեք… ունե՞ք կադրեր: Եթե ունեք, տվեք ում ուզում եք»,- ասել է քաղաքացին։

Տեղում կա նաև մի քաղաքացի, որի ձեռքին ընտրողների ցուցակ է, ինչը նա չի թաքցնում։

«14-ը եկան, սպասում եմ ևս 63-ին, բոլորը երազանքի ընտրող են», — ասել է նա։

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։