Բրյուսելը կարծում է, որ 12 կետերի առումով դեռ զգալի անելիքներ կան

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք վերահսկում են կառավարության կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ առաջարկությունների կատարումը, նշել են՝ ի տարբերություն իշխող կուսակցության, Բրյուսելի կարծիքով` դեռ կարևոր քայլեր կան, որ պետք է ձեռնարկվեն։

ՀԿ-ների համատեղ ճեպազրույցում խոսվել է մայիսի 22-25-ը Բրյուսելում ԵՄ կառույցների և անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասների մասին։

«Մոտ 5 ամիս է մնացել, որ Եվրահանձնաժողովը ներկայացնի Վրաստանի գնահատման զեկույցը… Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է հաշվի առնի վրաց ժողովրդի եվրոպական ձգտումը, ցուցաբերի քաղաքական կամք, հավատարմություն եվրոպական արժեքներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ, լուծումներ»,- նշել են ՀԿ-ները:

Ըստ նրանց՝ Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից մի քանիսի կատարումը քիչ թե շատ դրական է գնահատվել: ՀԿ-ները նշել են՝ ցավոք, մտահոգություններ են արտահայտվել այնպիսի կարևոր առաջնահերթությունների ոչ ժամանակին իրականացման վերաբերյալ, ինչպիսիք են ապաբևեռացումը, անկախ դատական ​​համակարգը, ապաօլիգարխացումը, ազատ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Վրաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների որոշումների կայացման գործընթացում.

«Որպես թեկնածուի կարգավիճակ ստանալու նախադրյալ` շեշտվեց վրացական կողմից այդ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունը»:

ՀԿ-ների խոսքով, Եվրամիության կառույցների ներկայացուցիչները կրկին իրենց հիասթափությունն են հայտնել Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության մասին որոշման առնչությամբ։

Ի դեպ, անցյալ տարի Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։