Երեկվա օրը համառոտ. փետրվարի 3

Փետրվարի 3-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 250 հազար 108-ի: Մեկ օրում արձանագրվել է 23 հազար 664  նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 30.05%:

Երեկ՝ փետրվարի 3-ին Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ 

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) 2020-2021 թվականների հաշվետվության՝ կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Վրաստանում վարակվել է 10 687 հղի, ինչպես նաև ընդհանուր առմամբ 159 977 երեխա և դեռահաս։ 

Տվյալների համաձայն՝ երեխաների և դեռահասների մոտ կորոնավիրուսով հաստատված դեպքերի 49%-ը գրանցվել է աղջիկների, 51%-ը՝ տղաների մոտ: Ըստ տվյալների՝ հղիների վարակվածության մակարդակը կազմում է հաստատված դեպքերի 8,2%-ը, իսկ երեխաների և դեռահասներինը միասին կազմում է հաստատված դեպքերի 17,1%-ը։

NCDC-իի  տվյալներով՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 10 997 դեպք, որից 1 833-ը՝ ամբողջությամբ պատվաստված են եղել:

50 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափով մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, կստանան 200 լարի։ Այս որոշումը հաստատող փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 31-ին։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) երեկ՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալներով՝ Վրաստանում հունվարին նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,9 տոկոս։ 

Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է այլ երկրներում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի 2021 թվականի վիճակագրությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թվականին Վրաստան է վերադարձել 2 504 քաղաքացի։

Մասնավորապես, ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանը ռեադմիսիայի ընդհանուր 2 547 դիմում է ստացել, որոնցից բավարարվել է 2 504-ը, մերժվել՝ 43-ը։

Վրաստանում պաշտոնյաների կողմից կատարված հանցանքները 2021 թվականին աճել են 11,35 տոկոսով: ՆԳՆ տվյալներով՝ նախորդ տարի բացահայտվել է պաշտոնեական հանցագործության 579 արձանագրված դեպք, որից 19,52%-ը` 113-ը՝ բացահայտվել է։ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է այս տեսակի հանցագործության 520 դեպք, որից բացահայտվել է 42-ը։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալներով էլ՝ 2022 թվականի հունվարին Վրաստան է այցելել 199 393 միջազգային ճանապարհորդ, ինչը 2021 թվականի համեմատ 471 տոկոսով ավելի է:

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտն (DRI-ն) երեկ՝ փետրվարի 3-ին հրապարակել է Վրաստանում 2021 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնության դեպքերի և լրագրողների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ անդրադարձ։ Կազմակերպությունն ընդգծում է, որ հանցագործություն կատարած անձանց պաշտպանության փաստարկը հիմնված է եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության վրա։

Երեկ հայտնի դարձավ նաև, որ Վրաստանի ջրամատակարար Georgian Water and Power ընկերության 80%-ը վաճառվել է իսպանական ընկերության։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով «Հարավային Օսիա» տերմինը կիրառությունից հանել։ Այդ մասին Սամխարաձեն հայտարարել է այսօր՝ փետրվարի 3-ին հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Սվեն Միքսերը։

Վրաստանում ընթանում են վրացական առաջին բլոկբաստերի՝ «Ինը եղբայրներ — Պրոմեթևսի կրակ» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորներն են Զուրաբ Վասաձեն և Սերգո Եղոյանը։

Երեկ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին:

Վրաստանի ՆԳ նախարարին հյուրընկալել է նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Մինչ հանդիպումը Վախթանգ Գոմելաուրին պատվիրակության անդամների և Հայաստանի ոստիկանապետի հետ ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականություները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող կոթողին։

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» և «Լելո» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում Ուկրաինայում։ 

«Լելոյի» պատվիրակության կազմում են՝ Մամուկա Խազարաձեն, Սալոմե Սամադաշվիլին, Գրիգոլ Գեգելիան և Թամար Բելկանիան, ովքեր երեկ Կիևում ծաղիկներ են դրել ուկրաինացի զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Նրանք արդեն հանդիպել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի անդամների հետ և իրենց աջակցությունն են հայտնել։