Ակտիվիստի մազերը քաշած ոստիկանը՝ ՆԳ փոխնախարար

Վրացի ակտիվիստի մազերը քաշած ոստիկան Ռոլանդ (Ռոնի) Մեսխին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳ) Վախթանգ Գոմելաուրիի առաջին տեղակալ, տեղեկությունը հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Մեսխին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ապրիլի 21-ին, երբ Թբիլիսիում, խորհրդարանի մոտ կայացած եվրոպամետ հանրահավաքի ժամանակ քաշեց մի երիտասարդ կնոջ՝ 20-ամյա Նատո Ճիոկաձեի մազերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հետևից մոտենում ցուցարարին, բռնում նրա մազերից և փորձում կանգնեցնել նրան։

Ռոլանդ Մեսխին ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենն է 2021 թվականի հուլիսից։ Մամուլի ծառայության տվյալներով՝ նա ունի 20 տարվա ոստիկանական փորձ, չնայած նախորդ կառավարության օրոք զբաղեցրած պաշտոնը չի նշվում։

Այսուհետ Վախթանգ Գոմելաուրին կունենա վեց տեղակալ։ Մինչ այժմ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Շալվա Բեդոիձեն։ Տեղակալի պաշտոն են զբաղեցնում նաև Ալեքսանդրե Դարախվելիձեն, Գիորգի Բուտխուզին, Իոսեբ Ճելիձեն և Շալվա Բեդոիձեն։

Վրաստանում 2024 թվականի նոյեմբերի 28-ին սկսված եվրոպամետ բողոքի ցույցերին զուգահեռ, «Վրացական երազանք» կուսակցությունը մի շարք օրենքներ ընդունեց ցուցարարների իրավունքները սահմանափակելու նպատակով. ավելացրեց տուգանքները, արգելեց լազերների, դիմակների և հրավառության միջոցների օգտագործումը։ Չնայած դրան, բողոքի ցույցերը շարունակվում են:

Հարյուրավոր մարդիկ տուգանվել են «ճանապարհը արհեստականորեն փակելու» համար, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողներ։ Հարյուրավոր մարդիկ նաև ձերբակալվել են վարչական կարգով՝ ոստիկանի «օրինական պահանջին» չենթարկվելու համար։

Այս հինգ ամիսների ընթացքում բազմաթիվ ոստիկաններ բռնություն են գործադրել քաղաքացիների և լրագրողների նկատմամբ, բայց նրանցից ոչ մեկը չի պատժվել։