Թբիլիսիում Սամգորիի շրջանի «Աֆրիկա» բնակավայրի Թվալճրելիձեի փողոցում բնակիչների տարհանման դեմ բողոքի ակցիայի ակտիվիստներ Դաթունա Դանելիային և Գիորգի Դումբաձեին դատարանը տուգանել է 5000-ական լարիի չափով։
Գործը քննել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Ցեկվավան։ Ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանին դիմադրելու համար, ինչը համարվում է վարչական իրավախախտում։
Դատավոր Ցեկվավան 2000-ական լարիի չափով տուգանել է նաև տարհանված Ռևազ Նադիրաշվիլիին և Լադո Չախաիային։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
Բնակիչների տարհանումը բնակավայրի բնակելի շենքերից սկսվել է հուլիսի 24-ի առավոտյան։ Դրան հետևել է բնակչության դիմադրությունը։ Բազմաթիվ ընտանիքներ գիշերել են բաց երկնքի տակ, նրանք ապաստարան չունեն։