Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Այսօր՝ մարտի 23-ին, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը, փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Ըստ ԱԳՆ-ի՝ Բերբոկին կհյուրընկալի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, և կկայանա հանդիպում ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ` երկու երկրների պատվիրակությունների միջև, որից հետո հայտարարություններ կլինեն։

Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Բերբոկին կընդունի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Գերմանացի դիվանագետը կայցելի նաև օկուպացիոն գիծ և կծանոթանա ներկա իրավիճակին։ Վրաստան կատարած այցի շրջանակներում Բերբոկը հանդիպում կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ի դեպ, սա Բերբոկի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։