Խորհրդարանի նախագահն այցելել է հացադուլ անող ընդդիմադիր գործչին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան այցելել է օրենսդիրի շենքում հացադուլ անող ընդդիմադիր պատգամավոր Էլենե Խոշտարիային: 

Վերջինս նշել է՝ Կուճավայի քայլը լավ օրինակ է, որ նույնիսկ ամենամեծ հակասությունների ժամանակ կարելի է մարդկային արժեքները պահպանել:

«Կախա Կուճավային, իհարկե, ներկայացրեցի իմ պահանջները, սակայն նրա հիմնական նպատակն իմ որպիսության մասին տեղեկանալն էր: Մենք պայմանավորվեցինք, որ արհեստական ​​խոչընդոտներ չեն լինի։ Մենք չխոսեցինք հարցի լուծման մասին, չտրվեցին պատասխաններ, բայց միևնույնն է, սա մարդկային այց էր»,- նշել է Խոշտարիան։

Արդեն 3 օր է, ինչ «Ժամանակն է» խմբակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան հացադուլ է անում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Նրա խոսքով՝ բողոքի այս ձևը բացարձակապես խաղաղ է, և ինքը չի ցանկանում միջամտել ո՛չ նիստերի, ո՛չ հանձնաժողովների, ո՛չ էլ որևէ մեկի աշխատանքին։ Խոշտարիան նշել է, որ հացադուլի ընթացքում միայն ջուր է խմելու։

Նա հայտնել է, որ չի պատրաստվում լքել խորհրդարանն ու նշել է, որ իրեն միանալու և իր հետ հացադուլ անելու կարիք չկա, քանի որ դա պայքարի վտանգավոր ձև է։

Հարկ է նշել, որ իշխող կուսակցությունից Խոշտարիային այլ այցելողներ չեն եղել։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր