Դեկանոիձեն չի հաստատել ընդդիմադիր ՄԱՇ կուսակցությունը լքելու լուրը

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով, ինքը համաձայն չէ կուսակցության՝ խորհրդարանական գործունեությունը բոյկոտելու որոշման հետ, բայց չի հաստատում կուսակցությունը լքելու մասին տեղեկությունը։

Ի դեպ, մինչ այդ TV Pirveli-ն տեղեկություն էր տարածել, թե Դեկանոիձեն և Բաչուկի Քարդավան լքում են ՄԱՇ խմբակցությունը։

«Ես ձեզ չեմ կարող ասել Բաչուկի որոշման մասին, նրա հետ չեմ խոսել ու չեմ լսել այդ մասին… Իմ որոշման մասին անպայման կտեղեկացնեմ ինքս, ոչ թե` տարբեր ֆորմատներով։ Եթե ​​նման որոշում լինի, ապա դա հայտնի կդառնա հանրությանը, և կհայտարարեմ ես ինքս՝ բոլոր նրբերանգներով։ Ես դրա մասին մտածել եմ այն ​​համատեքստում, որ բոյկոտը չեմ համարում առաջընթացի ճանապարհ, ուստի տեսնենք, թե դա ինչպես կշարունակվի»,- ասել է Դեկանոիձեն։

Ի դեպ, ՄԱՇ-ը բոյկոտ է հայտարարել, սակայն Դեկանոիձեն մասնակցում է խորհրդարանական գործունեությանը։ Դեկանոիձեի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ իշխող «Վրացական երազանքի» հետ նույն տարածքում գտնվելը դժվար է, և երբեմն ստիպված են լինում աշխատել ֆիզիկական բախումների և վիրավորանքների պայմաններում, սակայն դա կարևոր է այն պատգամավորների համար, ովքեր աշխատավարձ են ստանում բյուջեից:

Դեկանոիձեի կարծիքով, ՄԱՇ-ի և բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները պետք է քաջություն ունենան դադարեցնելու բոյկոտի և մանդատները հանձնելու մասին խոսակցությունները։