Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ջեյմս Մակլիրին «X» սոցիալական հարթակում արձագանքել է «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի The Guardian-ում հրապարակված հոդվածին։ Նրա խոսքով, Վրաստանն այժմ «ավտորիտար ռեժիմ»-ի ճանկերի մեջ է, և Ամաղլոբելիի նամակը բոլորի համար «սթափեցնող ազդակ պետք է լինի»։
«Մզիա Ամաղլոբելիի բանտում գրված հզոր նամակը բոլորի համար սթափեցնող ազդակ պետք է լինի։ Վրաստանը գտնվում է ավտորիտար ռեժիմի ճանկերում, որի թիկունքին կանգնած է Ռուսաստանում հարստացած օլիգարխը։ Բրիտանիան կարևոր դեր ունի վրացական ժողովրդավարությանն աջակցության գործում», — գրել է Ջեյմս Մակլիրին։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականը գրել է նաև «Վրացական երազանք» կուսակցության մասին․
«Վերջին ամիսներին Իվանիշվիլիի աջակցած «Վրացական երազանք»-ի իշխանությունը կեղծ մեղադրանքներով բանտարկել է բազմաթիվ ընդդիմադիրների։ Սա ավտորիտարիզմի դասական օրինակ է։ Մեծ Բրիտանիան և Եվրոպան արդեն կոնֆլիկտ ունեն Ռուսաստանի հետ, իսկ վրացական ժողովրդավարությանն աջակցությունը այս պայքարի մի մասն է»։
Ջեյմս Մակլիրին սոցիալական հարթակի մեկ այլ գրառման մեջ նշել է Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նրա պնդմամբ, Իվանիշվիլին և իր մարդիկ պետք է պատժամիջոցների ենթարկվեն։
«Պատժամիջոցներ կիրառեք Իվանիշվիլիի և նրա համախոհների նկատմամբ, պահանջեք քաղաքական գործիչների ու լրագրողների ազատ արձակումը և աջակցեք Եվրամիությանն անդամակցության Վրաստանի երազանքի իրականացմանը։ Ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան քայլ անի», — գրել է Մակլիրին։
Հիշեցնենք, որ Մզիա Ամաղլոբելին ներկայումս 2-ամյա ազատազրկման է դատապարտված Վրաստանում։ Ամաղլոբելիի նամակը The Guardian-ում հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։