ԱՄՆ Պետդեպարտամենտը 12 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, ավելացրել է այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները պարտավոր են մինչև 15 հազար դոլար կանխավճար կատարել ԱՄՆ գործարար և տուրիստական վիզա ստանալու համար։ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել այս հարցի վերաբերյալ։
«2026 թվականի ապրիլի 2-ից սկսած՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք համապատասխանում են B1/B2 վիզայի պահանջներին (գործարար, տուրիստական և այլն), պարտավոր կլինեն վճարել մինչև 15 հազար դոլար կանխավճար։
Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական պաշտոնյան կտեղեկացնի դիմորդին, թե արդյոք նա համապատասխանում է վիզայի պահանջներին և կտա հրահանգներ, թե ինչպես վճարել այդ կանխավճարը։ Դիմորդները չպետք է օգտագործեն երրորդ կողմի կայքեր կանխավճարը վճարելու համար և չպետք է վճարեն կանխավճարը մինչև հյուպատոսական պաշտոնյայից հրահանգ ստանալը։ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ստանալ B1/B2 վիզա մինչև կանխավճարի վճարումը։ Այս պահանջը գործում է անկախ դիմումի վայրից», — նշված է հաղորդագրության մեջ: