ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ICC-ում վրացի դատավորի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ICC) վրացի դատավոր Գոչա Լորթքիփանիձեի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Լորթքիփանիձեից բացի, պատժամիջոցների է ենթարկվել նաև Միջազգային քրեական դատարանի մոնղոլ դատավոր Էրդենեբալսուրեն Դամդինը։

«Այս անձինք անմիջականորեն ներգրավված են, առանց Իսրայելի համաձայնության, Միջազգային քրեական դատարանում Իսրայելի քաղաքացիներին  հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու հարցում:

Միջազգային քրեական դատարանը շարունակում է քաղաքականացնել իր գործողությունները Իսրայելի դեմ՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ բոլոր երկրների համար:

Մեր ուղերձը Դատարանին հստակ է. Միացյալ Նահանգները և Իսրայելը չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը և, հետևաբար, մերժում են Միջազգային քրեական դատարանի իրավասությունը», — ասել է Ռուբիոն։

Գոչա Լորթքիփանիձեն 2020-2021 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը։