Բարեկամությունը Սաակաշվիլիի հետ` բարեկամություն չէ Վրաստանի հետ․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները միայն մեկ տեսանկյունով վերաբերմունք ունեն Վրաստանի նկատմամբ, դա Միխեիլ Սաակաշվիլիի հետ բարեկամությունն է։

«Իհարկե` տխուր է, քանի որ մենք տեսնում ենք Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների, որոնք, ցավոք, միայն մեկ տեսանկյունով են վերաբերմունք արտահայտում Վրաստանի նկատմամբ, դա Միխեիլ Սաակաշվիլիի հետ բարեկամությունն է։ Միխեիլ Սաակաշվիլիի հետ բարեկամությունն ինքնաբերաբար նշանակում է, որ դա բարեկամություն չէ Վրաստանի հետ։ Այս քննարկման շրջանակներում մենք ականատեսն ենք այս տխուր իրողության. տեսնենք, թե Եվրախորհրդարանը ինչը հաշվի կառնի։ Կարևոր է մի բան՝ Եվրամիության հետ Վրաստանի մերձեցման առաջընթացը գնահատում է Եվրահանձնաժողովը, ոչ թե Եվրախորհրդարանը», — ասել է Պապուաշվիլին։

Նա ընդգծել է, որ այդ չափանիշով Եվրախորհրդարանի պատգամավորների վերաբերմունքը, հայտարարությունները եւ այլն` ոչ մի նշանակություն չունեն Վրաստանի առաջընթացը գնահատելու առումով։

Նշենք, որ Եվրախորհրդարանի Արտաքին կոմիտեն այսօր Բրյուսելում կքննարկի Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։