ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի չորս առաջատար սենատոր և երկու կոնգրեսական համատեղ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղարին՝ կոչ անելով, հակաամերիկյան հռետորաբանության աճով պայմանավորված, պաշտպանել վրաց պաշտոնյաների անարդարացիորեն թիրախավորած Վրաստանում նախկինում աշխատած ամերիկացիներին։
Մարկո Ռուբիոյին հղված նամակը հրապարակել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
ԱՄՆ օրենսդիրների նամակը վերաբերում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հայտարարությանը, ըստ որի` Թաիլանդում ԱՄՆ դեսպանատունը, իբր, «չինական սպառնալիքների» դեմ պայքարի համար նախատեսված միջոցները ծախսում է վրացի «արմատականներին» աջակցելու վրա։
Նամակում ավագ սենատորներն ու կոնգրեսականները կոչ են արել Մարկո Ռուբիոյին Վրաստանի կառավարությունից երաշխիքներ ստանալ, որ USAID-ի արտաքին ծառայության նախկին աշխատակիցները և ԱՄՆ այլ աշխատակիցներ չեն ենթարկվի զրպարտության կամ թիրախավորման։
Նրանք պահանջել են, որ Պետդեպարտամենտը «խստորեն արձագանքի Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի տարածած վտանգավոր ստերին, որոնք վտանգի են ենթարկել ամերիկացի նախկին աշխատակիցներին»։
Նամակը ստորագրել են ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ ղեկավարը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ռոջեր Ուիքերը, Ջոն Քուրթիսը և Շելդոն Ուայթհաուսը, նաև կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը և Սթիվ Քոհենը: