Համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, իրենք հանդիպում են պահանջել Թամար Տալիաշվիլիի հետ՝ անդրադառնալու նպատակով «Թաիլանդից հեղափոխության ենթադրյալ ֆինանսավորման» վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։
«Նեթգազեթի» լրատվամիջոցը դիմել էր Պետդեպարտամենտին հետևյալ հարցով` արդյոք Վաշինգտոնը հաստատո՞ւմ է Վրաստանի դեսպանին Պետդեպարտամենտ կանչելու փաստը «Թաիլանդից հեղափոխության ենթադրյալ ֆինանսավորման» մասին Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելու համար։
Պետդեպարտամենտը լրատվամիջոցին պատասխանել է.
«ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդիպում է պահանջել Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլիի հետ՝ արձանագրելու համար մեր առարկությունը Վրաստանի կառավարության պաշտոնյաների այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք խթանում էին լրատվամիջոցներով տարածված կեղծ տեղեկությունը։ Այդ տեղեկությունը սխալ էր ներկայացնում նախկին աշխատակիցներին ԱՄՆ կառավարության կատարած սովորական ֆինանսական փոխանցումները։
Բացատրություն փնտրելու փոխարեն, Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրեցին լրատվամիջոցներով տարածել սխալ տեղեկություններ՝ դրանով իսկ ստեղծելով ահաբեկման և ոտնձգության մթնոլորտ ԱՄՆ դեսպանատան նախկին և գործող աշխատակիցների համար։
Պետդեպարտամենտի Բանգկոկում գտնվող Գլոբալ ֆինանսական ծառայությունների կենտրոնը կատարում է սովորական, սակայն կրիտիկական նշանակություն ունեցող դեր ամբողջ աշխարհում ԱՄՆ կառավարության գործունեությանն աջակցելու համար միջոցների բաշխման գործում։ Այս ֆինանսական ծառայությունների կենտրոնն աշխատավարձ է վճարում ամերիկացի և տեղացի աշխատակիցներին, կապալառուներին, ընդունող երկրների կառավարություններին և այլ գործընկերների։ Այս գործարքները սովորական են, թափանցիկ և իրականացվում են ԱՄՆ-ի և ընդունող երկրի օրենքների ու կանոնակարգերի լիարժեք պահպանմամբ»,- պատասխանել են Պետդեպարտամենտից։
Խոսքը «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հոկտեմբերի 1-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում արած հայտարարության մասին է, ըստ որի` «Թաիլանդից մի դեսպանատուն ֆինանսավորում է արմատականությունն իշխանության դեմ»։