Գործարարները 7 կետանոց պահանջագրով դիմել են կառավարությանը

Կորոնավիրուսի դեմ գործող սահմանափակումները վերացնելու պահանջով Վրաստանում գործող 10 բիզնես ասոցիացիա դիմել է կառավարությանը՝ ներկայացնելով 7 կոնկրետ կետերից բաղկացած պահանջագիր, որը ներկայացնում ենք ստորև՝

  1.  «Հետաձգել» երեկոյան տեղաշարժի սահմանափակումը երկու ժամով (23:00-ից): Սա կնվազեցնի պիկ ժամերին հանրային տրանսպորտից օգտվողների կուտակումներն ու հոսքը: Բիզնես ոլորտին ևս դրական արդյունք կտա:
  2. Հանել շաբաթ-կիրակի օրերի սահմանափակումները բիզնես ոլորտի համար: Սա ծայրահեղ կարևոր է, հատկապես այն բիզնեսների համար, որոնց շրջանառության մեծ մասը հիմնականում հանգստյան օրերին է լինում:
  3. Կոնկրետ արտոնությունների փաթեթ մշակել բիզնեսով զբաղվողների համար, օրինակ՝ 2021թ․ ազատել հարկային վճարումներից:
  4. Փետրվարի 22-ից թույլ տալ բացել նաև փակ ռեստորանները, համապատասխան խիստ կանոնակարգի պայմաններում:
  5. Փետրվարի 22-ից թույլ տալ լեռնային հանգստավայրերի գործունեությունը: Թեև սեզոնն արդեն ավարտվում է, սակայն սա կարող է հնարավորություն տալ, որ հյուրանոցների տերերը գոնե զերծ մնան սննկանալուց:
  6. Ընտրել Վրաստանի բիզնեսօմբուդսմենի՝ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու արդյունքում: Գործարարները պատրաստ են մասնակցել այս գործընթացին, հարկ եղած դեպքում նաև ֆինանսական աջակցություն տրամադրել:
  7. Ունենալով պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն ենք հայտնում ներգրավվել Վրաստան պատվաստանյութ բերելու հարցում՝ համապատասխան բիզնես կապեր և ֆինանսական ռեսուրսներ կիրառելով: