Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելում Վրաստանի նորանշանակ դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելի Պետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեքա Դվալիին, որը պաշտոնական լիազորությունները կստանձնի հուլիսի 1-ից։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի և Իսրայելի Պետության միջև առկա համագործակցությունն ու բազմադարյա բարեկամությունը։

«Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Բեքա Դվալին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի բազմամյա փորձ ունի։ Տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում, այդ թվում՝ եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրալիայի Համագործակցությանն առընթեր, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, նաև արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում։

Բեքա Դվալին մասնագիտությամբ իրավաբան է։ Մագիստրոսի կոչում է ստացել Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտի համալսարանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի` 2022 թվականից Բեքա Դվալին զբաղեցնում էր Ավստրալիայի Համագործակցությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2012-2022 թվականներին եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Տարբեր տարիների եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպանորդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, Վրաստանի ԱԳՆ Եվրատլանտյան ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նաև Վրաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ՄԱԿ-ի վարչության պետ։