«Քրիստոնեական ավանդույթների և մշակույթի հիման վրա վրացիները միշտ իրենց համարել են եվրոպացիներ»,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Դուբլինում՝ Միջազգային և եվրոպական գործերի ինստիտուտում անցկացված քննարկման ժամանակ ունեցած ելույթում, որի հիմնական թեման Եվրոպայի ճարտարապետությունում Վրաստանի դերն է:
Կոբախիձեի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ նա ասել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում ավանդական եվրոպական արժեքներին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միջազգային և եվրոպական գործերի ինստիտուտին հրավերի և հնարավորության համար՝ խոսելու եվրոպական ճարտարապետությունում Վրաստանի դերի մասին: Սա Վրաստանի համար չափազանց կարևոր թեմա է: Այնուամենայնիվ, կարծում եմ, ոչ պակաս կարևոր է հենց Եվրոպայի համար ևս, որ պատշաճ կերպով իմաստավորվի և գնահատվի Վրաստանի դերը եվրոպական ճարտարապետությունում: Առաջին հերթին, պետք է նշեմ, որ մենք մեզ համարում ենք եվրոպական ազգ: Սա հիմնված է արժեքների վրա և խորապես արմատավորված է մեր քրիստոնեական ավանդույթներում ու մշակույթում: Վրաստանը հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Հենց մեր քրիստոնեական ավանդույթների և մշակույթի հիման վրա վրացիները միշտ իրենց համարել են եվրոպացիներ: Մենք հավատարիմ ենք մնում ավանդական եվրոպական արժեքներին, չնայած նրան, որ բազում դարերի ընթացքում Վրաստանը աշխարհագրորեն որոշ չափով կտրված է եղել Եվրոպայից: Անցյալ դարի 90-ական թվականներից, երբ վերականգնեցինք պետական անկախությունը, Վրաստանն ամրապնդեց քաղաքական և տնտեսական կապերը Եվրոպայի և Եվրամիության հետ»,- հայտարարել է վարչապետը:
Կոբախիձեն խոսել է Վրաստանի և Եվրոպայի միջև առկա կապերի ռազմավարական կարևորության մասին և նշել, որ Վրաստանը վճռականորեն տրամադրված է խորացնելու համագործակցությունը Եվրոպայի տարբեր երկրների և Եվրամիության հետ: