Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Աբեբե Ադուգնային

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի բարեկեցության հարցերով տարածաշրջանային տնօրեն Աբեբե Ադուգնայի հետ:

Կառավարության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում զրույցը վերաբերել է Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև բազմամյա արդյունավետ գործընկերությանը, որը նպաստել է երկրում կարևոր տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

«Ընդգծվել է Համաշխարհային բանկի վերլուծական հետազոտությունների կարևորությունը կայուն տնտեսական աճի և աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ: Ուշադրություն է դարձվել բանկի ներգրավվածությանը Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկայի, կրթության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման գործում»,- նշված է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ, այս փուլում, Վրաստանում իրականացվում է շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 10 նախագիծ, որոնցից վերջիններից մեկը Տրանսկասպյան միջանցքի ներդրումային նախագիծն է, որտեղ Համաշխարհային բանկը մասնակցում է 372 միլիոն դոլարով: Նախագծի արդյունքում ֆինանսավորվում է Վրաստանի երկաթուղու համար նոր շարժակազմերի (լոկոմոտիվների) ձեռքբերումը, ինչպես նաև նախագիծը ներառում է Կախեթիում նոր մայրուղային հատվածների շինարարության ֆինանսավորումը:

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: