Թբիլիսիում բացված ընտրատեղամասում ևս հաղթել է Զելենսկին

Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատանը բացված ընտրատեղամասում ևս հաղթել է Վլադիմիր Զելենսկին, նրա օգտին քվեարկել է 36,39 տոկոսը:

Տվյալները հրապարակվել են Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջում:

Ընտրություններին մասնակցել է Ուկրաինայի 283 քաղաքացի: Ուկրաինայի ԿԸՀ-ի կայք էջում տեղեկատվություն չկա այն մասին, թե քանի տոկոս են հավաքել մյուս թեկնածուները:

Ուկրաինայի տարածքից դուրս տարբեր երկրներում բացվել է 101 ընտրատարածք, որոնցում քվեարկել է ավելի քան 55 հազար քաղաքացի: Ընդհանուր հաշվարկով օտարերկրյա ընտրատարածքներում առաջին տեղում է Պետրո Պորոշենկոն՝ ձայների 38,93 տոկոսով, իսկ Վլադիմիր Զելենսկին երկրորդ տեղում է՝ 26,01 տոկոսով:

Հիշեցնենք՝ Ուկրաինայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալներով, հաղթել է հայտնի դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին՝ առաջ անցնելով  գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից։ Ուկրաինայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։