Վրաց-ադրբեջանական սահմանի 34%-ը համաձայնեցված չէ

Վրաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն համաձայնեցրել ցամաքային սահմանի 34 տոկոսը:

Interpressnews-ին Վրաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ դելիմիտացիայի  միջկառավարական հանձնաժողովի մակարդակով համաձայնեցված է սահմանի 66 տոկոսը, այժմ շարունակվում են բանակցությունները մնացած հատվածների շուրջ:

ԱԳՆ-ն նշում է նաև, որ այս պահին երկու երկրներն էլ փոխում են սահմանագծման հանձնաժողովի կազմը։

«Այժմ հանձնաժողովի կազմը թարմացվում է, հավանաբար, մոտ ապագայում գործընթացը կվերսկսվի: Մինչև դելիմիտացիայի վերջնական ձեռք բերումը, պետական սահման է դիտարկվում ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի հանրապետական, վարչական սահմանագիծը, որի համաձայն էլ իրականացվում է սահմանի պաշտպանությունը»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցը օրակարգ եկավ Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հայտարարել էր, որ ժամանակն է Ադրբեջանի հետ սահմանի հարցը լուծել: