Փախստականները զբաղեցրել են նորակառույց շենքերը՝ ի նշան բողոքի

Վրաստանում արդեն 3-րդ օրն է փախստականները չեն լքում նորակառույց «Դիրսի» բնակելի թաղամասում զբաղեցրած տները։ Նրանք երկրի կառավարությունից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով:

Այս պահին տեղում մոբիլիզացված են ոստիկանները։ Փախստականների կողմից զբաղեցված շենքերում դադարեցված է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Շենքում գտնվող փախստականները ոստիկանության միջնորդությամբ են դեղորայք և սննդամթերք ստանում հարազատներից:

«Դիրսիի» գլխավոր տնօրեն Բեսո Ճիքուրաուլին հայտարարել է, որ շենքեր ներխուժած քաղաքացիները բավականին մեծ վնաս են հասցրել նորակառույցներին: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:

Աբխազիայից բռնի տեղահանված փախստականներն այս քայլի են դիմել պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։ Վերջին անգամ մարտի 29-ին նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ։