Վրաստանում ընդունված «գործակալների մասին» և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրենքները, խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումը, նաև լրագրողների վրա հարձակումները Վրաստանի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի 2024 թվականի մարդու իրավունքների զեկույցում ներառված բացասական փոփոխությունների շարքում են։
Օգոստոսի 12-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ Վրաստանում մարդու իրավունքների ոլորտում տարվա ընթացքում տեղի ունեցած բացասական փոփոխությունների թվում են, այսպես կոչված, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը, որը, ըստ հասարակական կազմակերպությունների, սահմանափակում է խոսքի և միավորման ազատությունը:
Զեկույցում նաև ներառված են խոսքի ազատությունը սահմանափակող սպառնալիքի, հարկադրանքի և վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը` հատկապես հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին առնչվող։
Պետդեպարտամենտի զեկույցում գնահատական է տրված կառավարության ջանքերին՝ 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հարկադրանքի և սպառնալիքի միջոցով թեկնածուների և ընտրողների խոսքի ազատությունը սահմանափակելու առումով։