ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է վրաց ժողովրդի Անկախության օրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանի Անկախության օրն է:

Մայիսի 26-ին Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ Ռուբիոն նշել է, որ ավելի քան 30 տարի բարեկամությունն ու գործընկերությունը կառուցվել են ժողովրդավարության, ինքնիշխանության և ավելի լավ ապագայի ձգտման ընդհանուր արժեքների վրա։

«Այս օրը մենք նշում ենք վրաց ժողովրդի ուժն ու դիմացկունությունը, մեր ամուր կապերը։ Վրաց ժողովրդի սերն ու նվիրվածությունը ազատությանն ու անկախությանը ոգեշնչող են», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը այնպիսի գործընկերության, որը համապատասխանում է Վրաստանի անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտումներին։

Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգները կասեցրեց Վրաստանի հետ իր երկարատև ռազմավարական գործընկերությունը։ Մինչ այդ, «գործակալների օրենք»-ի և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կեղծ մեղադրանքների վրա հիմնված հակաարևմտյան հռետորաբանության պատճառով, Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը բազմիցս կոչ էր արել վերադառնալ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղի։

Պետդեպարտամենտը ռազմավարական գործընկերությունը կասեցնելու որոշման մասին հայտարարեց 2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ երկու օր անց այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չներառել Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը և դրա պատճառով սկսված ցույցերի մասնակիցների դեմ սկսեց ուժ կիրառել:

«Վրացական երազանք»-ի կառավարությունը հույս ուներ, որ նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը։