Անցնող տարվա օրենսդրական փոփոխություններն` ամփոփ

Անցնող 2025 թվականին Վրաստանում օրենսդրական տասնյակ փոփոխություններից շատերը մեծ աղմուկ բարձրացրեցին: Ալիք Մեդիա Վրաստանն ամփոփում է տարվա աղմկահարույց փոփոխությունները:

Կուսակցությունների գործունեության արգելման օրենք ընդդեմ ընդդիմադիր ուժերի

«Վրացական երազանք»-ը շտապ կարգով ընդունել է նոր օրենք, որը կվերաբերի բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց կուսակցության գործունեությունը կչեղարկի Սահմանադրական դատարանը. բովանդակության մասին խոսել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Օրինագծի համաձայն` եթե Սահմանադրական դատարանը կուսակցության գրանցումը չեղարկի, դրանից հետո քաղաքական գործիչներին կարգելվեն կուսակցության ղեկավարումը, անդամակցությունը, պաշտոն զբաղեցնելը, ընտրություններին մասնակցելը։

Կիրցխալիան հավելել է, որ այդ քաղաքական գործիչներին կարգելվի նաև այլ կուսակցություններին անդամակցելը, և նրանց չեն գրանցի ընտրացուցակներում։

Ավելին, այն քաղաքական գործիչը, ում վրա կտարածվի Սահմանադրական դատարանի որոշումը, չի կարող կուսակցությանը նվիրատվություններ անել։

«Վրացական երազանք»-ն առաջին փուլում նախատեսում է «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության գործունեությունն արգելել․ օրենքն արդեն ընդունվել է երրորդ քննարկմամբ։

Նոր պատիժներ ճանապարհ փակելու և ոստիկանին չենթարկվելու համար

Իշխանությունը կրկին խստացրել է օրենքներն ընդդեմ ցուցարարների։ Այսուհետ ակցիաների ժամանակ սահմանված կանոնների խախտումը կդառնա քրեական կարգով պատժելի, և կկիրառվի մինչև մեկ կամ երկու տարի ազատազրկման պատիժը։

Փոփոխությունները լրատվամիջոցներին է ներկայացրել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Ըստ օրինագծի` դատավորը կզրկվի տուգանք կիրառելու իրավունքից և ցուցարարին միանգամից կուղարկի մինչև 60 օր ազատազրկման հետևյալ դեպքերում.

  • եթե ակցիայի ժամանակ նրա մոտ հայտնաբերվեն հրազեն, հեշտությամբ բռնկվող նյութ, սառը զենք կամ պիրոտեխնիկա,
  • եթե ոստիկանությունը որոշում կայացնի հավաքը ցրելու մասին, իսկ ցուցարարը չենթարկվի։

Առանց տուգանքի կիրառման, անմիջապես մինչև 15 օր ազատազրկում կնախատեսվի ակցիայի ժամանակ դիմակ կրելու համար։ Նույն պատիժը կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ակցիայի ժամանակ ձեռքի տակ կունենան արցունքաբեր միջոց կամ դիտավորյալ կխոչընդոտեն մարդկանց կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Նման արգելված գործողությունների կրկնակի կատարման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն մինչև մեկ տարի ժամկետով, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նույն օրինազանց գործողությունը կպատժվի մինչև երկու տարի ժամկետով», — ասել է Կիրցխալիան։

Ի դեպ, այս օրենքն արդեն կիրառվում է. վերջին օրերին մի շարք ակտիվիստներ են ենթարկվել վարչական կալանքի դիմակ կրելու պատճառով։ Հասարակությունը խստորեն դատապարտում է նման սահմանափակումները։

Խստացվել է վնասի փոխհատուցման մասին օրենքը

«Վրացական երազանք»-ի սեպտեմբերին ընդունած օրենքը, որը վերաբերում է վնասի փոխհատուցմանը, խստացվել է։

Փոփոխություններ են ներառվել Քրեական դատավարության օրենսգրքի «Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից ելքի և Վրաստան մուտքի կանոնների մասին» օրենքում, «Հանցագործությունների կանխարգելման, կալանք չպահանջող պատիժների իրականացման կարգի և փորձաշրջանի մասին» և «Կատարողական վարույթների մասին» օրենքներում։

Փոփոխությունների համաձայն, մի շարք ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց կարգելվի երկիրը լքել, քանի դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցել վնասը։ Այսինքն, չեղարկվում է նման արգելքին առնչվող վերին շեմը, որը սահմանված էր Վրաստանից դուրս գալու 16 տարվա արգելքով։

Սեպտեմբերին ընդունված և դեռևս գործող օրենքով ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածներին արգելվում է Վրաստանից դուրս գալ դատարանի մեղադրական դատավճռով, և երկրից դուրս գալու արգելքը կիրառվում է միայն դատարանի մեղադրական դատավճռի միջոցով, իսկ խորհրդարան ներկայացված նոր օրինագծով դատապարտվածին Վրաստանից դուրս գալու արգելքը կսահմանվի առանց դատարանի մեղադրական դատավճռում դրա մասին նշելու։

Տեղեկացնենք, որ խորհրդարանը սեպտեմբերի 3-ին երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրենք, որը սահմանափակում էր ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց Վրաստանը լքելը և արգելում էր երկրից դուրս գալը 16 տարով։

Ըստ օրենքի` դատապարտվածը, որին պարտադրվում է վնասի փոխհատուցում, պարտավոր է կրել էլեկտրոնային ապարանջան, և հնարավոր է` նրանից ու նրա ընտանիքի անդամներից առգրավվի գույքը և փոխանցվի տուժողին։

Նույն օրենքով` դատապարտվածին, մինչև վնասի փոխհատուցումը, արգելվում է ունենալ ապրուստի նվազագույնի կրկնակի չափից ավելի գումար։ Նման անձի անվամբ գումար կամ գույք փոխանցելը կդիտվի որպես առանձին հանցագործություն և կպատժվի տուգանքով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

Փոփոխություններ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների խստացման մասին համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն օրինագծի ներկայացման ժամանակ դեռ մարտ ամսին հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ի կառավարության հետ միասին աշխատել են «հակաթմրամիջոցների բարեփոխման ուղղությամբ»։ Մդինարաձեն օրենքի նախագծում ներկայացրել է մի քանի առանցքային փոփոխություններ.

  1. Մաքսիմում խստացվում են բոլոր տեսակի թմրամիջոցների իրացման տույժերը, ինչը նշանակում է, որ թմրավաճառների համար ոչ միայն առանձնապես մեծ կամ մեծ քանակությամբ թմրամիջոցներ վաճառելու, այլև փոքր քանակությամբ թմրամիջոցների իրացման համար պատիժը կլինի 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
  2. Վրաստանի «Կազմակերպված հանցավորության և ռեկետի մասին» օրենքի նախագիծը սահմանում է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն հասկացությունը և կարգավորում դրա հետ կապված որոշակի հարցեր։ Մասնավորապես որոշվում է, թե ովքեր կարող են լինել թմրավաճառի ընտանիքի անդամը, մերձավոր ազգականը և փոխկապակցված անձը: Նաև կորոշվի, թե ինչն է համարվելու թմրավաճառի սեփականությունը։ Կբարելավվի օրենսդրական դաշտը՝ հնարավորություն տալով թմրավաճառին կամ թմրամիջոցների տարածումը նպաստող անձին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա կալանք դնելու և փոխանցելու պետությանը։
  3. 2025 թվականի հունիսի 1-ից, եթե հայտնաբերվի, որ անձը թմրանյութ է օգտագործում կամ խուսափում է թմրամիջոցների թեստից, նա 3 տարով կզրկվի ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Հանրային ծառայության, ուսումնական և ուսումնական հաստատություններում աշխատելու իրավունքը, նաև զենքի հետ կապված իրավունքները կդադարեցվեն 5 տարով։

Արտագաղթած քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակում

Առանձին քննարկման թեմա է դարձել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների քվեարկության վերաբերյալ ընդունված փոփոխությունը։

Դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը, որի համաձայն՝ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին արգելվում է քվեարկել այլ պետությունում։

Նոր կարգավորումները բարդացնում կամ սահմանափակում են արտագաղթած քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին։

Հանրային արձագանքը բացասական է․ շատերը սա դիտարկում են որպես ընտրական գործընթացից հասարակության մի զգալի հատվածի դուրսմղում, ինչը կարող է ազդել ընտրությունների լեգիտիմության և ներառականության վրա։

«Զենքի մասին» օրենքի փոփոխություններ

Փոփոխությունները կատարվել են Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, և, ըստ նախարարության, կարևոր են Վրաստանում ակուստիկ զենքի, էլեկտրաշոկի և գազային աէրոզոլային սարքերի շրջանառության կարգավորման համար։

Նախարարությունը փոփոխությունների նպատակը հիմնավորում է «հասարակական անվտանգության և կարգի ավելի արդյունավետ պաշտպանությամբ և հանցագործությունների կանխարգելմամբ»։

Մշակված փոփոխությունների համաձայն՝

  • Հնչյունային (ակուստիկ) զենքը, որը կառուցվածքային առումով նախատեսված է միայն ձայնային (մարտկոցային) փամփուշտներ կրակելու համար և օգտագործվում է թատերական ներկայացումներում, ֆիլմերում, հեռուստատեսային ցուցադրություններում, պատմական վերակառուցումներում, շքերթներում և մարզական միջոցառումներում, ենթակա կլինի Վրաստան ներմուծման թույլտվության։
  • Քաղաքացին կկարողանա ձեռք բերել ձայնային (ակուստիկ) զենք միայն Ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի նախնական գրավոր համաձայնության (վկայականի) ներկայացման դեպքում։
  • Ուժի մեջ են մնում նաև գործող նորմերը, որոնք թույլ են տալիս ակուստիկ զենքի փոխանցումը, տեղափոխումը կամ վերահասցեավորումը միայն ոստիկանության համաձայնության դեպքում։
    Ոստիկանությունն իրավասու է սահմանափակումներ սահմանել ակուստիկ զենքի գնման վերաբերյալ՝ թե՛ քանակի, թե՛ գնման հաճախականության առումով։
  • Գազային աէրոզոլային սարքերի (պղպեղային սփրեյ) ներմուծումը կկատարվի թույլտվության առկայության դեպքում։
  • Գազային աէրոզոլային սարքերի (պղպեղային սփրեյ) գնումը հնարավոր կլինի 18 տարեկանից մեծ անձանց համար՝ Ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի գրավոր համաձայնության (վկայականի) ներկայացման դեպքում։

Զենքի շրջանառության վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունները ներկայացվում են որպես անվտանգության ամրապնդման քայլ, սակայն հասարակության մի մասի գնահատմամբ՝

  • սահմանափակումները չեն ուղեկցվում բավարար վերահսկողությամբ կամ հստակ հիմնավորումներով,
  • ավելանում են պետական մարմինների լիազորությունները քաղաքացու հաշվին։

Քննարկումների ընթացքում շեշտվում է, որ անվտանգության ապահովումը չպետք է իրականացվի քաղաքացիական իրավունքների հաշվին։

Անչափահասների մասին օրենք․ արձանագրված խնդիրներ

Անչափահասների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ մտահոգություններ է հայտնել նաև Հանրային պաշտպանը՝ մատնանշելով մի շարք իրավական և գործնական խնդիրներ։

Քննադատության հիմնական առանցքներն են.

  • օրենքը չունի բավարար սոցիալական և վերականգնողական բաղադրիչ,
  • բացակայում են արդյունավետ մեխանիզմներն անչափահասների իրավունքների իրական պաշտպանության համար։

Հասարակության շրջանում սա ընկալվում է որպես ձևական կարգավորում՝ առանց խորքային լուծումների։

Խորհրդարանական գործընթացներ․ մերժված նախաձեռնություններ

Այս օրենսդրական ֆոնին խորհրդարանը չի աջակցել ընդդիմադիր նախաձեռնություններին, դրանց թվում՝ Գիորգի Գախարիայի կուսակցության առաջարկներին։

Նրանք առաջարկել էին ստեղծել անհամաչափ ուժի կիրառման և 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հանրահավաքների ժամանակ «կամիտ» քիմիական նյութի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ քննչական հանձնաժողով։

Նախաձեռնությունը պահանջում էր 50 պատգամավորի համաձայնություն, սակայն Գախարիայի կուսակցության միայն 11 անդամներ աջակցեցին։ Երկու պատգամավոր քվեարկեց «դեմ», մյուսները նույնիսկ չմասնակցեցին այս հարցի վերաբերյալ քվեարկությանը։

Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենսդրական գործընթացում այլընտրանքային մոտեցումների հնարավորությունները սահմանափակ են։

Վրաստանում վերջին օրերին ընդունված օրենքները հասարակության լայն շրջանակներում դիտարկվում են ոչ թե առանձին և մեկուսացված փոփոխություններ, այլ որպես միևնույն քաղաքական տրամաբանության մաս։

Այդ տրամաբանությունը, ըստ հանրային քննարկումների, ուղղված է վերահսկողության ուժեղացմանը, պատժիչ մեխանիզմների ընդլայնմանը և հանրային մասնակցության սահմանափակմանը։

Բացասական արձագանքները վկայում են, որ օրենսդրական այս գործընթացը խորացնում է անվստահությունը իշխանության և հասարակության միջև՝ հատկապես այն պայմաններում, երբ Վրաստանը շարունակում է հայտարարել ժողովրդավարական և եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին։