«Լույսը չպետք է մարի» արշավի շրջանակներում միավորված անկախ առցանց 22 լրատվամիջոցներ համատեղ հայտարարությամբ արձագանքել են կառավարամետ «Իմեդի»-ի հեռարձակած հաղորդմանը, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «միահյուսված են ռուսական ապատեղեկատվությունը և տեղական քարոզիչների հորինած բացահայտ ստերը»։
Լրատվամիջոցները դիմել են ինքնակարգավորվող մարմնին և պահանջել են հերքել հաղորդման մեջ հնչած կեղծ տեղեկությունները։
«Վրացական երազանք»-ի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ևս քննադատել է վրացական առցանց լրատվամիջոցներին:
Պապուաշվիլին մեղադրել է նրանց քսենոֆոբիայի, Eagle Hills ընկերության ներդրման, քննադատության տարածման և քրեական հանցագործությունների կատարման համար:
«Մեծ հարց է, թե սրանք լրատվամիջոցներ են։ Սրանք ՀԿ-ներ են, որոնք ունեն կայք և հրապարակում են նյութեր այդ կայքում։ Իրենց փիլիսոփայությամբ, կազմակերպվածությամբ և չափանիշներով դրանք ՀԿ-ներ են՝ կայքերով։ Նրանց համար լրագրողական չափանիշներ չկան։ Ինչպե՞ս տարբերակել, օրինակ, «Պուբլիկա»-ն Transparency International-ից։ Դա էլ նույն Transparency International-ն է՝ խոսափողով», — ասել է Պապուաշվիլին:
Անկախ առցանց 22 լրատվամիջոցների համատեղ հայտարարությունն ի պատասխան իրենց դեմ հնչած մեղադրանքների` ստորև.
«Վրաստանի քաղաքական միջավայրը երբեք հանդուրժող չի եղել ազատ և մասնագիտական չափանիշները պաշտպանող լրագրողների նկատմամբ, բայց այն, ինչ վերջերս անում են «Վրացական երազանք»-ը և նրա դաշնակից քարոզչական գործիքները, գերազանցում է ցանկացած իրավական և էթիկական սահման։
Մենք բազմիցս լսել ենք կեղծ և անհիմն մեղադրանքներ. անկախ առցանց լրատվամիջոցների միասնությունը կրկին դարձել է կառավարության թիրախը։
«Իմեդի» քարոզչական լրատվական կայքը ազատ առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարում է «գործակալներ» և «հակավրացական» լրատվամիջոցներ։ Անհեթեթ, հորինված լուրերի և ստերի մի ամբողջ շարքով հարձակվում է այն լրատվամիջոցների վրա, որոնց պրոֆեսիոնալիզմը, բարձր հուսալիությունը և հեղինակությունը երբեք կասկածի տակ չեն դրվել։
Կառավարությունը ցանկանում է, որ լրատվամիջոցներն այլևս չլուսաբանեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները, շարունակական բողոքի ցույցերը, քաղաքական ճգնաժամը, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն սկանդալները, մարդու իրավունքների խախտումները, սուր սոցիալական խնդիրները և այլն։
Ահա թե ինչու են նրանք փորձում վարկաբեկել անկախ լրատվամիջոցներին և ստեղծել մի միջավայր, որը անհնար կդարձնի մեր գոյությունը։
Անկախ առցանց լրատվամիջոցների միությունը դարձել է «Վրացական երազանք»-ի թիրախը՝ հանրային աջակցության և համերաշխության բարձր մակարդակի շնորհիվ։
Հանրության աջակցությամբ, արշավի շրջանակներում առցանց 22 լրատվամիջոցներ վերջին երեք ամսվա ընթացքում արդեն ստացել են ընդհանուր առմամբ 100 հազար լարի նվիրատվություն։ Այս գումարով մենք պահպանել ենք մեր գրասենյակները և հոգացել ենք դրանց հետ կապված ծախսերը, վճարել կայքի գործունեության համար անհրաժեշտ վճարները և այլն։ Համերաշխության յուրաքանչյուր խոսք և քաղաքացիների նվիրաբերած յուրաքանչյուր լարի թանկարժեք և հույս ներշնչող է մեզ համար։
«Իմեդի» հեռուստաընկերության պատրաստած սյուժեի պատճառով, որտեղ միահյուսված են ռուսական ապատեղեկատվական պատմությունները և տեղական քարոզիչների հորինած բացահայտ ստերը, մենք դիմում ենք ինքնակարգավորման մարմնին միասնական հայտարարությամբ և պահանջում ենք հերքել սյուժեում հնչեցված կեղծ տեղեկությունը, նաև ուղիղ հեռարձակման հնարավորություն տալ մեզ` արձագանքելու համար այս անհեթեթ մեղադրանքներին։
Մենք՝ ազատ լրագրողներս, միասին ենք և շարունակելու ենք ազնվորեն կատարել մեր մասնագիտական պարտականությունը՝ հանրությանը հնարավորություն տալով իրացնելու տեղեկացված որոշումների կայացման իր իրավունքը»։
Մեդիայի պաշտպանության կոալիցիան արձագանքել է «Վրացական երազանք»-ի համակարգված հարձակմանն անկախ լրատվամիջոցների դեմ և իր լիակատար համերաշխությունն է հայտնել այն լրագրողներին, որոնք ամեն օր կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները դժվարագույն պայմաններում։
««Վրացական երազանք»-ը շարունակում է իր հարձակումը անկախ առցանց և հետաքննչական լրատվամիջոցների վրա՝ օգտագործելով վերահսկվող քարոզչական լրատվամիջոցներ, որոնք խորհրդային ոճի մեթոդներով տարածում են կեղծիք և ապատեղեկատվություն հայտնի խմբագրությունների և լրագրողների դեմ։
«Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է «լրագրողական հետաքննություն» ազատ առցանց լրատվամիջոցների դեմ և պրոֆեսիոնալ լրագրողներին հայտարարել «գործակալներ», իսկ բարձր մասնագիտական չափանիշներով աշխատող լրատվամիջոցները՝ «հակավրացական»։ Աբսուրդային, իրականությանը չհամապատասխանող և հորինված պատմությունների մի ամբողջ շարքով հարձակվել է այն լրատվամիջոցների վրա, որոնց պրոֆեսիոնալիզմը, բարձր հեղինակությունը կասկածի տակ չեն»,- նշել է կոալիցիան։
Կոալիցիայի խոսքով՝ նման դեպքերը միանգամյա կամ պատահական չեն, այդ բոլոր գործողությունները կատարվել են նպատակաուղղված և համակարգված մի քանի տարի շարունակ, իսկ վերջերս հասել են անհավանական չափերի։
««Վրացական երազանք»-ը մի շարք բռնաճնշող օրենքներ է ընդունել երկրում գործող անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ՝ ապօրինաբար կալանավորելով լրագրողներին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս և նրանց հետապնդելով։ Մզիա Ամաղլոբելին դեռևս անօրինական կալանքի տակ է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ գրանցվել է ավելի քան 600 միջադեպ, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն, ձերբակալություններ, սպառնալիքներ և տուգանքներ: Ի տարբերություն դրա, Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը ոչ մի անձի պատասխանատվության չի ենթարկել լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների համար։
Անկախ առցանց լրատվամիջոցները և հետաքննական լրագրությունը չափազանց կարևոր են հանրությանը տեղեկություն փոխանցելու առումով` հատկապես այս դժվարին ժամանակներում: Նրանք շարունակում են հանրությանը տեղեկացնել երկրում ընթացող քաղաքական ճգնաժամերի, կոռուպցիոն սկանդալների, մարդու իրավունքների խախտումների, սոցիալական խնդիրների և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին, ինչը հանրությանը հնարավորություն է տալիս կայացնելու ճիշտ որոշումներ։
Մեդիաների պաշտպանության կոալիցիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում անկախ լրագրողներին և հարգում է նրանց մասնագիտական գործունեությունը: Մենք «Լույսը չպետք է մարի»-ի կողքին ենք՝ արդարադատությունը, լրատվամիջոցների ազատությունը և երկրի ժողովրդավարական շահերը պաշտպանելու ձգտմամբ»։
Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեն ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս խնդրին, գրել է, որ անկախ լրատվամիջոցները և մարդու իրավունքների պաշտպանները նմանատիպ ձևով հետապնդվում և հայտարարվում են պետության թշնամիներ Ռուսաստանում, Բելառուսում և այլ «ռեժիմներում»։
«Եթե շատ չգրեմ, կասեմ, որ անկախ լրատվամիջոցները և մարդու իրավունքների պաշտպանները նմանապես հետապնդվում և հայտարարվում են պետության թշնամիներ Ռուսաստանում, Բելառուսում և նմանատիպ ռեժիմներում։
Մենք նաև կցանկանայինք հիշեցնել, որ հաղորդման մեջ նշված անկախ լրատվամիջոցները տարիների ընթացքում բազմաթիվ հետաքննություններ են անցկացրել այն դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայումս քրեական պատասխանատվության են ենթարկվում։
Շնորհակալություն եմ հայտնում աջակցության, հարգանքի և համերաշխության համար իմ սիրելի գործընկերներին և ընկերներին, հպարտ եմ, որ ձեզ հետ եմ աշխատում»,-գրել է նա։