Հանրակրթության տարրական աստիճանում ուսումը սկսելու տարիքը սահմանվել է 6-ը։ «Վրացական երազանք»-ի կառավարության հաստատած բարեփոխումների հայեցակարգում կատարված փոփոխությամբ` երեխան կարող է դպրոց ընդունվել միայն այն դեպքում, եթե նրա 6 տարին լրացել է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
«Մարտահրավերներից մեկն այն է, որ դպրոց են հաճախում մինչև 6 տարեկան երեխաներ, որոնք կարող են չունենալ բավարար սոցիալ-հուզական հմտություններ և ուշադրության կենտրոնացման պատշաճ մակարդակ», — նշված է փաստաթղթում, որը վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է հունվարի 26-ին։
Լրացուցիչ փոփոխություն է կատարվել նաև առաջին դասարանցիների գրանցման գործընթացում։ Մասնավորապես, մինչև համընդհանուր գրանցման փուլի մեկնարկը, երեխայի ընդունելությունը կկատարվի ըստ բնակության գրանցման հասցեի։ Սակայն, 2026-2027 ուսումնական տարում այս փոփոխությունը կվերաբերի միայն մեծ քաղաքներին։
Նշենք, որ մինչև այս փոփոխությունը, առաջին դասարանցիների գրանցումը Վրաստանում կատարվում էր 3 հիմնական փուլով, որտեղ բնակության հասցեն որոշիչ դեր չէր կատարում։
«2026-2027 թվականների առաջին դասարանցիների գրանցման ժամանակ նշված լրացուցիչ փուլը կգործի միայն մեծ քաղաքներում, իսկ հաջորդ տարիներից կընդգրկի բոլոր դպրոցները», — ասված է հայեցակարգում։