Արչիլ Մուսելիանցին` 4 տարի ազատազրկում

Արչիլ Մուսելիանցը դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ տեսախցիկները վնասելու մեղադրանքով։

Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ տեսախցիկները վնասելու մեղադրանքով ձերբակալված Արչիլ Մուսելիանցին դատավոր Գիորգի Արևաձեն դատապարտեց 4 տարի ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին։

29-ամյա Արչիլ Մուսելիանցը սկզբում կալանավորվել է վարչական կարգով՝ անցյալ տարվա նոյեմբերի 30-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խորհրդարանի շենքի առաջնամասում տեղադրված տեսախցիկների էլեկտրամատակարարումը դիտավորյալ վնասելու և հրկիզելու համար։

Գործի հիմնական ապացույցը քաղաքացու նկարահանած տեսանյութն է, որը հրապարակել է Postv-ն։ Կադրում երևում է, թե ինչպես է դիմակավորված քաղաքացին հրկիզում մալուխները։

Մուսելիանցը կտրականապես հերքում է մեղադրանքը։