Արչիլ Մուսելյանցի ազատազրկման որոշումը չփոխվեց

Վերաքննիչ դատարանի դատավոր Բեսիկ Բուգիանշվիլին ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի չորս տարվա ազատազրկման որոշումն ընդդեմ Արչիլ Մուսելյանցի, որը մեղադրվում է Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ տեսախցիկները վնասելու համար։

Վերաքննիչ դատարանի դատավորը որոշումը հրապարակել է այսօր՝ փետրվարի 6-ին։

Դատավորը մեջբերել է առաջին ատյանի դատարանի դատավորի պատճառաբանությունը, ըստ որի` Մուսելյանցը ձերբակալման պահին գտնվել է պայմանական ազատազրկման տակ. օրենքի համաձայն, եթե այդ դեպքում անձը մեղավոր է ճանաչվում, օրենքով նախատեսված նվազագույն պատժին ավելացվում է մեկ տարի։

Արչիլ Մուսելյանցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով` գույքը հրդեհելու միջոցով վնասելը, որը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ։

Նա մեղադրվել է խորհրդարանի շենքի առջևի սյան վրա տեղադրված տեսախցիկների էլեկտրամատակարարումը դիտավորյալ վնասելու և հրդեհելու համար` հանրահավաքի մասնակիցների դեմքերի նույնականացումն անհնար դարձնելու նպատակով։