Արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելու նպատակն ինքնիշխանության ամրապնդումն է

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ արտասահմանում ապրող Վրաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու նպատակը երկրի ինքնիշխանության ամրապնդումն է։ Ըստ նրա` արտասահմանում ապրող մարդիկ կարող են «ընկնել այդ երկրի ազդեցության տակ»։

«Պարզ օրինակ բերեմ. մարդը կարող է վախենալ, որ եթե ցուցաբերի տարբեր տեսակի քաղաքական նախասիրություններ, օրինակ՝ իրեն չի տրամադրվի համապատասխան բնակության թույլտվություն կամ չի կարողանա պահպանել իր աշխատանքը», — ասել է Կոբախիձեն։

Նա ասել է, որ բոլոր քաղաքացիները կկարողանան քվեարկել, եթե «գան երկիր առնվազն մեկ օրով»։

«Նույնիսկ մեկ օրով, նույնիսկ սա բավարար կլինի, որ դուք գաք երկիր, ձեր աչքով տեսնեք, թե ինչպիսին է երկրում միջավայրը և դրանից հետո կատարեք ավելի տեղեկացված, էապես տեղեկացված ընտրություն», — ասել է Կոբախիձեն։