Ատելության խոսքը ժամանակակից քաղաքական դիսկուրսի ամենավտանգավոր զենքերից մեկն է, որը հատկապես հաճախ օգտագործվում է լարված սոցիալ-քաղաքական միջավայրերում։ Վրաստանում, ինչպես շատ այլ երկրներում, ատելության խոսքը հաճախ գերազանցում է վիրավորանքներին և վերածվում սոցիալական բևեռացման ու խտրականության իրական աղբյուրի։
Վերջին տարիներին հատկապես աչքի է ընկնում էթնիկ փոքրամասնություններին ուղղված ագրեսիվ հռետորաբանությունը, այդ թվում՝ հայատյաց հայտարարությունների աճը, որոնք տարբեր քաղաքական խմբեր օգտագործում են հասարակության մի մասի մոբիլիզացման և ներքին հակամարտությունների խորացման նպատակով։ Նման համատեքստում ատելության խոսքը այլևս պարզապես վիրավորական խոսք չէ, այլ քաղաքականապես հաշվարկված զենք, որը նպատակ ունի խաղալու վախի, կարծրատիպերի և ազգայնական պատմությունների վրա։
Վրաստանում ատելության խոսքը հաճախ արտահայտվում է ինչպես հանրային վայրերում, այդ թվում՝ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական գործիչների և հասարակական գործիչների հայտարարություններում։ Հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական բևեռացումը սրվում է, որոշ խմբեր միտումնավոր օգտագործում են այդ լեզուն՝ թշնամու կերպար ստեղծելու համար։
Ավելի մտահոգիչ է, երբ ատելության խոսքն ուղղված է էթնիկ փոքրամասնություններին, որոնցից շատերն արդեն իսկ ենթարկվում են համակարգային մեկուսացման և խարանման։ Այս համատեքստում հայատյաց հռետորաբանությունը` որպես ատելության խոսքի ձև, հատկապես վիրավորական և վտանգավոր է. սա ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքները, այլև ստեղծում է խտրականության և բռնության իրական ռիսկ։
Վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի հոդվածներից մեկում կարդում ենք, որ տարիներ առաջ վարչապետ Զուրաբ Ժվանիայի և երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հայատյացության վրա հիմնված արշավներ են եղել։
«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ»-ի հիմնադիր Բեքա Մինդիաշվիլին հոդվածում գրել է, որ «ժամանակին Զուրաբ Ժվանիայի դեմ վարկաբեկող արտահայտություններ էին օգտագործվում, թե նա հայկական ծագում ունի, Միխեիլ Սաակաշվիլիի դեմ ևս, նաև «ազգայնականների» դեմ ընդհանրապես, օրինակ՝ նրանց անվանում էին «գնացեր»։
Ըստ Մինդիաշվիլիի, տարիների ընթացքում հայատյաց մակդիրները հիմնված էին կարծրատիպերի վրա, որոնք 1990-ական և 2000-ական թվականներին տարածված էին լրատվամիջոցներում:
Վրաստանում հայատյաց ուղերձներով ատելության խոսքը հետզհետե ավելի արդիական դարձավ նախընտրական և հետընտրական շրջաններում՝ իշխանամետ POSTV-ի և TV Imedi-ի էջերում և հոդվածներում։ Այս հեռուստաալիքներն օգտագործել կամ հրապարակել են ազդագրեր և սյուժեներ, որոնք չեն պարունակում ուղղակի ատելության խոսք և հայատյացություն, սակայն իրենց ենթատեքստում նպատակ են հետապնդում հասարակության շրջանում բացասական կարծիք ստեղծելու Հայաստանի և հայերի մասին։
Ներկայացնում ենք նրանց հրապարակած սյուժեները, որոնք հրապարակել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո։
Մամուկա Խազարաձեի դրվագը
2024 թվականի հոկտեմբերի 11-ին և 13-ին՝ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ, իշխանամետ POSTV-ն հեռարձակեց երկու սյուժե, որոնցում քննարկվում էր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Մամուկա Խազարաձեի «հայկական ծագումը»։ Առաջին սյուժեում լրագրողը պնդում էր, որ Խազարաձեն հայկական ծագում ունի, չնայած այս պնդման համար անհրաժեշտ ապացույցներ չուներ։ Երկրորդ սյուժեում խոսվում էր Խազարաձեի և հայ անձանց հետ ընտանեկան կապերի մասին, չնայած այս տեղեկությունը չի ստուգվել և հիմնված է եղել միայն մեկ աղբյուրի վրա։
Առաջին սյուժեում POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցեր է տվել բացասական համատեքստում: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք։ Ամաչո՞ւմ եք», — հարցրել է լրագրողը քաղաքական գործչին։ Երկրորդ սյուժեում ներգրավված անձինք ամեն կերպ փորձում են «բացահայտել» Խազարաձեի «հայկական» ծագումը, և դրան հասնելու համար հայատյաց հայտարարություններ են անում։ Սյուժեում Խազարաձեին անվանում են «խաբեբա, ավանտյուրիստ և հայ»։
Այս սյուժեն, որը Մամուկա Խազարաձեին էթնիկ պատկանելության հիման վրա վարկաբեկելու փորձ էր՝ նրան հայկականության «պիտակը» կպցնելով, հստակ օրինակ է այն բանի, թե ինչպես մեդիա տարածքում ատելության խոսքը կարող է վերածվել քաղաքական վրեժխնդրության գործիքի։ Նման համատեքստային «պիտակավորումը» ոչ միայն նպատակ ունի վնասելու կոնկրետ անձի հեղինակությունը, այլև խորացնում է էթնիկական ատելությունը և ամրապնդում հասարակությունում արդեն իսկ գոյություն ունեցող քսենոֆոբիկ տրամադրությունները։
Վրաստանում հայկականության «պիտակի» օգտագործումը խոր պատմական, սոցիալական և քաղաքական համատեքստ ունի, որը հեռացնում է դրա օգտագործումը պարզ էթնիկ հղումից և հաճախ վերածում ատելության խոսքի գործիքի։ Վրաստանի հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը հիմնված է բարդ և բազմաշերտ պատմական հենքի վրա։ Չնայած հայ էթնիկ խումբը դարեր շարունակ եղել է երկրի բնական մասը և զգալի ներդրում է ունեցել դրա զարգացման գործում, դեռևս հաճախ ենթարկվում է բացասական կարծրատիպերի հանրային գիտակցության մեջ։ Այս կարծրատիպերը, որոնք բխում են խորհրդային և հետխորհրդային դիսկուրսներից, ձևավորում են հայերի նկատմամբ վերաբերմունքը որպես «օտար» կամ «անընդունելի» խումբ, ինչը թույլ է տալիս որոշակի ուժերի մանիպուլացիաներ անել հայկական ինքնության գիծը շահարկելով քաղաքական հակառակորդների դեմ՝ նրանց վարկաբեկելու համար։ (Աղբյուրներ — 1, 2)
«Բազմազան Վրաստան» քաղաքացիական շարժումը դիմել էր «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիա»-ին՝ POSTV-ի հոկտեմբերի 11-ին հրապարակած տեսանյութի առնչությամբ, որտեղ հեռուստաալիքի ուղարկած լրագրողը հարցնում է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից մեկին՝ Մամուկա Խազարաձեին, թե ինչու է թաքցնում իր «հայկական ծագումը»։
Կազմակերպությունը կարծում է, որ վերոնշյալ հղումը խտրական է, հրահրում է հայատյաց վերաբերմունք և ծառայում է քաղաքական շահույթ ստանալուն։
Խարտիայի խորհուրդը որոշել էր, որ վերոնշյալ սյուժեներում խախտվել են խարտիայի առաջին, յոթերորդ և տասնմեկերորդ սկզբունքները: Առաջին սկզբունք՝ լրագրողը պետք է հարգի ճշմարտությունը և հանրության ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Յոթերորդ սկզբունք՝ լրագրողը պետք է հասկանա լրատվամիջոցների կողմից խտրականության հրահրման վտանգը և պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ ցանկացած անձի նկատմամբ խտրականությունը կանխելու համար։ Տասնմեկերորդ սկզբունք՝ լրագրողը պետք է համարի ամենալուրջ մասնագիտական խախտում փաստերի դիտավորյալ աղավաղումը։
Խարտիայի խորհուրդը նշել է, որ սյուժեներում Խազարաձեի հայկական ծագման մասին տեղեկատվությունը պատշաճ կերպով չի ստուգվել և հիմնավորված չէ ապացույցներով։ Վերոնշյալ նյութերը նաև նպաստել են հայ ազգի նկատմամբ խտրականության խթանմանը։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին այսպես էր արձագանքել այդ սյուժեներին. «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դա չպետք է խտրական լինի: Կարևոր չէ, թե Վրաստանի քաղաքացին որ էթնիկ խմբին է պատկանում: Սահմանադրության և օրենքի համաձայն՝ բոլորս հավասար ենք»:
2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, «Բազմազգ Վրաստան»-ը հատուկ հանդիպում հրավիրեց Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ընտրություններից հետո էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելության խոսքի աճի փաստերը քննարկելու համար։ Հանդիպմանը քննարկվել են այս խնդրի վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը և կոնկրետ գործողությունների ծրագիրը։
«Հանդիպման ավարտին որոշում կայացվեց մշակել կոչ՝ ուղղված քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, ատելության խոսքի արտահայտման և հրահրման յուրաքանչյուր փաստի հանդեպ ժամանակին և արդյունավետ արձագանքն ապահովելու համար, այդ թվում՝ հատուկ մեխանիզմի ձևավորման և հանրային արշավների իրականացման միջոցով», — նշել են կազմակերպությունում։
Այս սյուժեներին արձագանքել են նաև հանրային պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոնի և ազգային փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչները։ Նրանց գնահատմամբ. «Նշված դեպքերում մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիաների և քաղաքական պայքարի կեղտոտ մեթոդի հետ՝ հայատյաց վերաբերմունքով, մեկ այլ էթնիկ խմբի ինքնությունը որոշակի քաղաքական գործչին դիտավորյալ վերագրելով և այս հիմքով՝ հայատյաց քարոզչության և քաղաքական վարկաբեկման անթույլատրելի, նվաստացուցիչ փորձով»։
Հակահայ քարոզչություն իշխանամետ լրատվամիջոցների կողմից
Հայաստան և Միացյալ Նահանգներ Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ հունվարի 14-ին վրաստանյան իշխանամետ քարոզչական երկու մեդիաները՝ POSTV-ն և TV Imedi-ն, հակաարևմտյան և հակահայկական ազդագրեր (պոստերներ) էին տարածում:
POSTV-ի և TV Imedi-ի ազդագրերում, որը կազմված է 4 լուսանկարից և գրառումից, առաջին երկուսում պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականին Իրան կատարած երկու այցը, երրորդում՝ 2025-ին ՀՀ այցելած Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը Փաշինյանի արած հայտարարությունն ու լուսանկարը, և չորրորդ նկարում պատկերված են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ձեռքսեղմման պահին:
Նման ազդագրեր տարածելով՝ երկու հեռուստաալիքները փորձում են տպավորություն ստեղծել, որ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում Հայաստանի և Վրաստանի նկատմամբ։ Քանի որ «Վրացական երազանք»-ը հաճախ քննադատության է ենթարկվում Իրանի, Չինաստանի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Այս ազդագրերով հեռուստաալիքները ցանկանում են ցույց տալ, որ հայ-իրանական դրական հարաբերությունների ֆոնին ԱՄՆ-ը ռազմավարական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, մինչդեռ, Վրաստանի հետ հարաբերությունները գտնվում են սառեցման փուլում։


Իշխանամետ քարոզչական հեռուստաընկերությունների ազդագրերի նույն բովանդակությունը չի վրիպել փորձագիտական շրջանակների ուշադրությունից։ Փորձագետները քննադատեցին հեռուստաընկերությունների համեմատությունը և նրանց մեղադրեցին փաստերը խեղաթյուրելու համար։
Այդ ժամանակ փորձագետները «Ալիք Մեդիա Վրաստանին»-ին ասել էին, որ իշխանամետ քարոզչամեքենաների նախաձեռնած այդ ազդագրերի տարածումը երկու հիմնական նպատակ ունի. առաջինը՝ խեղաթյուրել տարածաշրջանային իրողությունները, ասել, թե՝ Վաշինգտոնը «երկակի ստանդարտներ» է կիրառում, երկրորդը՝ իշխանությունը շարունակում է հակահայկական, հայատյաց հռետորաբանությունը, որը վերջերս հաճախադեպ է դարձել։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը իշխանամետ մեդիաների ազդագրերում տեղ գտած տեղեկությունը վերլուծում է աշխարհաքաղաքական և հայատյացության տեսանկյունից: Ըստ փորձագետի՝ փաստը, որ ԱՄՆ-ն քննադատում է Վրաստանին Իրանի հետ հարաբերությունների համար, իսկ Հայաստանին՝ ոչ, ունի շատ հստակ պատճառներ: Նրա խոսքով, այդ պատճառներից են. առաջին՝ Վրաստանն ունի 4 պետության հետ սահման և ծով, որոնց միջոցով բազմաթիվ պետությունների հետ կարող է կապ հաստատել: Երկրորդ՝ Հայաստանն ունի երկու պետության հետ բաց սահման, որից մեկն Իրանն է: Հայաստանը կատարում է Իրանի հետ Արևմուտքի կամրջի դերը: Հայաստանը նաև դեպի Արևմուտք իր առաջին քայլերն է անում, և Արևմուտքը դեռ ընդունում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մաս լինելը, ռուսական զորքի ներկայությունը, ԵԱՏՄ-ի մաս լինելը:
Նրա խոսքով, հայատյացությունը տարբեր աստիճաններ ունի. կարող է լինել շատ ագրեսիվ և շատ մեղմ, այս դեպքում մեղմ է, քանի որ փաստերն օգտագործվում են այլ կոնտեքստում:
Թումասյանը պնդեց՝ Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը. փչացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ և մերձենում բռնապետություններին, այդ թվում՝ Իրանին, իսկ ահա Հայաստանը, պահպանելով հարաբերությունն Իրանի հետ, մերձենում է Արևմուտքին: Ասաց՝ սրանք համեմատելը «ֆեյք նյուզ է». Վրաստանի համար Իրան այցն առաջին քայլն է, Հայաստանի համար առաջին քայլը չէ, 30 տարի է այդպես է:
Օլեսյա Վարդանյանի դրվագը
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են մեկ այլ դեպքի մասին. 2025 թվականի հունվարի 16-ին «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի Բաքու այցի օրը և «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հունվարի 17-ին Բաքու այցից առաջ, քարոզչական POSTV-ն Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղհասարակության ներկայացուցիչ Օլեսյա Վարդանյանին հեղինակազրկող և հայատյաց հայտարարություններով «Ո՞վ է Օլեսյա Վարդանյանը, և ինչպիսի՞ն է իշխող թիմի արձագանքը հերթական հակապետական հայտարարությանը» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել (տեսանյութ): Քաղաքացիական հասարակության կարծիքով, սա ատելության խոսքը որպես քաղաքական գործիք օգտագործելու օրինակներից մեկն է։
Սյուժեում լրագրող Օլեսյա Վարդանյանը հիշատակվում է որպես «արմատական ընդդիմության և ՀԿ հատվածի ակտիվ կողմնակից», մինչդեռ սյուժեում «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասում է. «Բացարձակապես անամոթաբար, լկտիաբար ի հայտ է գալիս ինչ-որ Օլեսյա Վարդանյան և ելույթ է ունենում…»
Այդ ժամանակ «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին տված հարցազրույցում ասել է. «Ես կցանկանայի հիշել Օլեսյա Վարդանյանի դեպքը, երբ նա ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների Կոնգրեսում, որտեղ քննադատել էր «Վրացական երազանք»-ի կողմից Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը։ Օլեսյան Վրաստանի քաղաքացի է, քաղաքացիական հասարակության ակնառու անդամ, հետազոտող։ Նրան «ինչ-որ Վարդանյան» են հիշատակում, և նրա նկատմամբ օգտագործվում է շատ բացասական լեզու՝ տողատակերում որոշակի հայատյաց բովանդակությամբ, հատկապես, որ այս պատմությունը հրապարակվել էր Կոբախիձեի և Բոճորիշվիլիի Ադրբեջան այցից մի քանի օր առաջ։ Այսինքն՝ նրանք այս լուրին արձագանքել էին այն ժամանակ, երբ այս դրվագը վաղուց էր եղել, և այս լուրի մեջ ոչ մի նոր բան չկար»։
Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո
Մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստանի և Հայաստանի միջև պատասխան խաղը, որն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։ Խաղից հետո, որն ավարտվեց Վրաստանի օգտին 6:1 հաշվով, վրացի երկրպագուների մի խումբ տարբեր իրեր նետեց և անպարկեշտ ժեստեր արեց հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը սուր քննադատության արժանացավ վրաց հասարակության և պաշտոնյաների կողմից։
Փորձագետները, պաշտոնյաները և հանրությունը վրացի երկրպագուների գործողությունները համարեցին սադրիչ, ներողություն խնդրեցին հայ հանրությունից և նշեցին, որ տեղի ունեցածը ամոթալի է։
Խաղադաշտ մտած երկրպագուների պահվածքին արձագանքել են մարզադաշտում ներկա մյուս երկրպագուները՝ վանկարկելով «ամոթ է», իսկ միջադեպից հետո սոցցանցերում զանգվածաբար ներողություն էին խնդրում հայերից այդ պահվածքի համար:
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի 2024 թվականին հրապարակած «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» զեկույցում քննարկվում է ատելության խոսքի տարածումը և պետության կողմից այս խնդրին արձագանքը։ Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական գործելակերպին և այդ ուղղությամբ պետության քաղաքականությանը։
Զեկույցում նշվում է, որ ատելության խոսքը հաճախ օգտագործվում է էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ, ինչը նպաստում է հասարակության բևեռացմանը և հրահրում թշնամանք այդ խմբերի նկատմամբ։ Հանրային պաշտպանը պետությանը կոչ է անում ամրապնդել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը և ապահովել նման դեպքերին արդյունավետ արձագանքը։
«Մեդիայի զարգացման հիմնադրամ»-ի 2020 թվականին հրապարակած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայատյացությունը տարիներ շարունակ հիմնականում հայկական ինքնությունը բացասական համատեքստում ներկայացնելը առանձին քաղաքական գործիչների և հասարակական գործիչների դեմ է ուղղված, ավելի հաճախ հայկական ինքնության բացասական համատեքստում ներկայացնելը հաշվետու ժամանակահատվածում եղել է առանձին անհատների նկատմամբ։
Freedom House-ի 2024 թվականի զեկույցը գնահատում է ինտերնետի ազատությունը Վրաստանում և ընդգծում է առցանց միջավայրում ատելության խոսքի, սպառնալիքների և ապատեղեկատվության խնդիրները։ Սա ցույց է տալիս, որ քաղաքացիական ակտիվիստներն ու քննադատական ձայները հաճախ դառնում են կազմակերպված կիբերհարձակումների և ոտնձգությունների թիրախ։
Freedom House-ի զեկույցը ուղղակիորեն չի անդրադառնում հայատյացությանը, չնայած զեկույցը կարևոր համատեքստ է տրամադրում ատելության խոսքի թվային դիսկուրսի համար։
- Առցանց ատելության խոսքի աճ — Freedom House-ը նշում է, որ ինտերնետում ատելության խոսքը լայնորեն տարածված է Վրաստանում, և դրա դեմ պայքարը արդյունավետ չէ։
- Քննադատող անհատների թիրախավորում — քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները և կառավարության քննադատները հաճախ դառնում են կազմակերպված թվային ոտնձգությունների, սպառնալիքների և կիբերհարձակումների զոհ։
- Ապատեղեկատվական արշավներ — երկրում ակտիվորեն տարածվում է ապատեղեկատվությունը, որը նպաստում է բևեռացմանը և տարբեր խմբերի նկատմամբ ատելության հրահրմանը։
- Անվտանգության դեֆիցիտ առցանց տարածքում — պետական հաստատությունները չեն կարողանում ապահովել քննադատական ձայների պաշտպանությունը թվային միջավայրում։
Եզրափակելով կարող ենք ասել, որ Վրաստանում ատելության խոսքը այլևս միայն մարգինալացված խմբերի հարց չէ. սա հաճախ է հայտնվում լրատվամիջոցների առաջին էջերում, քաղաքական կուսակցությունների ուղերձներում և առօրյա հանրային քննարկումներում։ Հայատյաց հռետորաբանության կիրառումն արդեն անցնում է գաղափարախոսական սահմանները և դառնում քաղաքական գործիք, որն ուղղված է հակառակորդներին վարկաբեկելուն, նրանց «օտարերկրացիներ» պիտակավորելուն և հասարակության վախերի վրա խաղալուն։
Այս գործընթացում հատկապես մտահոգիչ է լրատվամիջոցների դերը. երբեմն որպես տարածող, երբեմն՝ որպես իրավիճակը սրող։ Երբ էթնիկ խմբերը ներկայացվում են միայն բացասական համատեքստում, և լրատվամիջոցները ոչինչ չեն ասում քաղաքական գործիչների ատելության խոսքի մասին կամ դա ներկայացնում են որպես նորմ, հասարակությունն այս նարատիվն ընդունում է որպես իրականություն։ Միաժամանակ, պետության արձագանքը գրեթե բացակայում է։ Չնայած Վրաստանն ունի միջազգային մակարդակով ատելության խոսքի դեմ պարտավորություններ, այդ պարտավորությունները հաճախ մնում են թղթի վրա։
Վերջին հաշվով, իրավիճակը հստակ ցույց է տալիս. ատելության խոսքը վնասում է ոչ միայն թիրախային խմբերին, այլև ամբողջ հասարակությանը ընտելացնում է խտրականության գոյությանը, ավերում է քաղաքացիական համակեցության հիմքերը և վնասում երկրի ժողովրդավարական հեղինակությանը միջազգային ասպարեզում։ Հզոր արձագանքը, լրատվամիջոցների խմբագրական պատասխանատվությունը և քաղաքական նարատիվների քննադատական գնահատականը նվազագույնն են, որն անհրաժեշտ է ատելության խոսքը վրացական ժողովրդավարության չափանիշ չդառնալը կանխելու համար։