Ախալքալաքում և Նինոծմինդայում ընտրողների ակտիվությունը 2021-ի համեմատ աճել է

Վրաստանի մի շարք ընտրատեղամասերում ժամը 12-ի դրությամբ 2021 թվականի համեմատ 2025 թվականին ընտրողների ակտվիությունը աճել է:

Ախալքալաքում 2021 թվականին ժամը 12-ին գրանցվել էր 18 տոկոս ակտիվություն` այն դեպքում, երբ 2025 թվականին գրանցվել է 22,93 տոկոս:

Նինոծմինդայում նույն ժամին 18 տոկոսի համեմատ գրանցվել է 23,39 տոկոս ակտիվություն:

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։