Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է երկրում ստեղծված իրավիճակում ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությանը հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին:
Զուրաբիշվիլին այս թեմայով խոսել է իր գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ և նշել մի քանի պատճառ։ 5-րդ նախագահն ասել է. «ՏԻՄ-ի նշանակումը և դրանց մասնակցությունը, երբ երկրում ունենք ավելի քան 60 քաղբանտարկյալ, ինձ համար մի փոքր զարմանալի և նույնիսկ անհասկանալի է»: Զուրաբիշվիլին պատճառներից մեկն է համարել նաև երկրում գործող դատական համարկարգը, որին, ըստ 5-րդ նախագահի, «ոչ ոք չի վստահում»:
Նրա խոսքով, լրատվամիջոցները գտնվում են դժվարին իրավիճակում՝ «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքի հետևանքով հարուցած տուգանքների և հեռարձակման իրավունքների չեղարկման պատճառով: Պատճառների շարքում նա խոսել է նաև դիտորդների վերաբերյալ սահմանափակող օրենքի ընդունման մասին.
«Դիտորդների իրավունքներն էլ ավելի են սահմանափակվել: Նրանք իրականում ոչինչ չեն կարողանա դիտարկել: … Այս պայմաններում եթե որևէ մեկը հույս ունի հաղթելու ՏԻՄ ընտրություններում, ես չեմ տեսնում, չեմ հասկանում, թե ինչպես կարող է հաղթանակի հասնել, ոչ թե հիասթափության»:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի հոկտեմբերին: Ընդդիմության մի մասն ասում է, որ ընդդիմադիր կուսակցությունները չպետք է մասնակցեն , քանի որ դրանով կօրինականացվեն «Վրացական երազանք»-ի կառավարությունը և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը: