Այսօր պատմական հնարավորություն է վերջ դնելու անարդարությանը. Մելիա

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ միացյալ ընդդիմության օգտին քվեարկելու գլխավոր նպատակներից մեկն այն է, որ չեն կարող թույլ տալ իշխանություններին` սպանել երրորդ նախագահին։

Մելիան է նշել, որ այսօր պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու անարդարությանն ու փրկելու մեկ կոնկրետ մարդու կյանքը։ 

«Ես ուրախ եմ, որ մենք չենք ենթարկվել իշխանության և նրա կողմից վերահսկվող լրատվամիջոցների սադրանքներին։ «Վրացական երազանքն» ինձնից լավ գիտի, որ աջակցություն չունի։ Մի քանի ժամից բոլորս կհամոզվենք, որ այսօր պատմություն է գրվելու, և դրանով մեծապես կավարտվի քաղաքական հետապնդումների և քաղաքացիական անհնազանդության դարաշրջանը»,- ասել է Մելիան։ 

Ընդդիմադիր գործիչը նաև կարևորել է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրություններին ու կոչ արել չենթարկվել իշխանության մանիպուլյացիաներին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր