Այսօրվանից կգործեն պետական ​​գույքի ուղղակի վաճառքի և փոխանակման նոր կանոնները

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի փոխանակման և ուղղակի վաճառքի ձևով սեփականաշնորհման նախապայմանները, որոնք Վրաստանի կառավարությունը հաստատել է դեկտեմբերի 30-ի որոշմամբ, այսօրվանից՝ հունվարի 12-ից, արդեն գործում են։

Փաստաթղթի համաձայն՝ պետական գույքի փոխանակումը կամ ուղղակի սեփականաշնորհումը հնարավոր կլինի միայն որոշ նախապայմանների բավարարման դեպքում։

Այդ թվում, օրինակ, պետական գույքի ուղղակի վաճառքի համար անհրաժեշտ կլինի առնվազն 100 մլն լարիի չափով ներդրում կատարելու պարտավորության ստանձնում։
Ավելի կոնկրետ, Վրաստանի կառավարության որոշման հիման վրա, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի սեփականաշնորհումն ուղղակի վաճառքի ձևով հնարավոր է իրականացնել հետևյալ դեպքերում.

  • Սեփականաշնորհվող անշարժ գույքում առնվազն 100 մլն լարիի (առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման) չափով ներդրում կատարելու պայմանով,
  • Եթե սեփականաշնորհվող անշարժ գույքը շահագրգիռ անձի սեփականությունն է, շահագրգիռ անձի սեփականություն հանդիսացող համապատասխան անշարժ գույքում իրականացվել է առնվազն 100 մլն լարիի ներդրում/ծախս, որը կհաստատի աուդիտորական ֆիրման, և սեփականաշնորհվող անշարժ գույքը կօգտագործվի շահագրգիռ անձի սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների զարգացման/ընդլայնման նպատակով,
  • Պետական/հասարակական շահի առկայության դեպքում, այդ թվում՝ Վրաստանի տարածքում տարածքային պլանավորումից և քաղաքաշինական պլանավորումից բխող՝ պետությանը կամ/և մունիցիպալիտետին գույքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու պայմանով
  •  Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի/արբիտրաժային որոշման կատարման նպատակով, նաև պետական գերատեսչության/մունիցիպալիտետի մասնակցությամբ Վրաստանի ընդհանուր դատարաններում ընթացող վեճի (այն դեպքում, երբ առկա է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը) կամ արբիտրաժային վեճի ավարտի նպատակով,
  • Պետական գերատեսչության/մունիցիպալիտետի հիմնավորված միջնորդության հիման վրա։