Աբխազական և ռուսական կողմերը Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել

Մոսկվայում աբխազական և ռուսական կողմերի միջև աշխատանքային հանդիպում է կայացել «Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման ծրագրի» իրականացման շուրջ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարարությունը։ 

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ներդրումների, հարկային, կրթության, մաքսային և առողջապահության ոլորտներում օրենսդրական կարգավորման հարցեր։ 

Նշենք, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածության ստեղծման ծրագիրը հաստատվել է 2020 թվականին։ Աբխազական կողմի կարծիքով՝ փաստաթուղթը 2014 թվականին Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված Դաշինքի և Ռազմավարական գործընկերության համաձայնագրի տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է լավ պայմաններ ստեղծել Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներին Աբխազիայի լիարժեք մասնակցության համար։ 

Նշենք նաև, որ Ռուսաստանը 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո ճանաչել է Աբխազիան, ինչպես նաև Հարավային Օսեթիան, որպես անկախ պետություններ։  

Հատկանշական է, որ կողմերը պաշտոնապես միմյանց անվանում են ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ։