Վրացի փորձագետները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի հանրային ծառայություններից աշխատակիցների աշխատանքից ազատման դեպքերին, նշեցին, որ «Վրացական երազանք»-ը փորձում է լռեցնել քննադատական և տարբերվող կարծիքը՝ աշխատանքից ազատելով աշխատակիցներին` իրենց քաղաքական հայացքների պատճառով:
Նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունն է հայտարարություն տարածել, ըստ որի` «Վրացական երազանք»-ի բռնաճնշումներից տուժել է մինչև 700 պետական պաշտոնյա։
Մասնավորապես, օրեր առաջ հայտնի դարձավ, որ կարգապահական հետաքննության հիման վրա Հանրային հեռարձակողի հաղորդավարներ Նինո Զաուտաշվիլին և Վասիլ Իվանով-Չիկովանին ազատվել են աշխատանքից։ Երկու հեռուստահաղորդավարներն էլ նշել են, որ տեղյակ չեն հետաքննության արդյունքներից և պայմանագրերը խզելու պատճառներից։
Բազմաթիվ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ և ֆեյսբուքյան օգտատերեր արձագանքել են վերոնշյալ դեպքին՝ նշելով, որ աշխատակիցների աշխատանքից ազատումը անօրինական է, և դատապարտել են տնօրենների խորհրդի այդ որոշումը:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան և քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց. «Ընտրություններից հետո «Վրացական երազանք»-ն ակնհայտորեն անցավ ավտորիտարիզմի կառուցման»։ Նրա խոսքով` այս պայքարն ուղղված է տարբերվող հայացքների ճնշմանը։
«Լրատվամիջոցների, քաղաքացիական սեկտորի, բյուրոկրատիայի և մնացած բոլորի դեմ պայքարն ուղղված է Վրաստանում այլակարծության ձևավորման ու տարածման սահմանափակմանը կամ ամբողջությամբ վերացմանը: Այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Ռուսաստանում, մոտավորապես նույն տիպի միջոցառումներ են անցկացվում նաև այստեղ»,- նկատեց կոնֆլիկտաբանը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հարցին ի պատասխան պնդեց նույնը՝ «Վրացական երազանք»-ը փորձում է հանրային հատվածը մաքրել ազատ մտածողներից։ Քաղաքագետն ընդգծեց.
«Սա վկայում է ռեժիմի ինքնավարության մասին և մեզ ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան սխալ ուղղությամբ է գնում վերջինս: Հանրային հեռարձակողի պահվածքը նույնպես այս ավտորիտարիզմի մաս է կազմում: Հեռուստահաղորդավարների համար իրենց մասնագիտությունն ավելի կարևոր էր, քան քաղաքական նպատակներ հետապնդող գաղափարական ներգործությունը, և բնական է, որ նման մարդկանց գոյությունը համակարգում գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով համակարգը փորձում է ազատվել նրանցից»:
Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով՝ Հանրային հեռարձակողի ձեռնարկած այս հալածանքը կապված է ոչ միայն կոնկրետ անձանց հետ, այլև ամբողջ համակարգը ազատ, քննադատական և անաչառ ձայներից մաքրմանը։
«Այս գործընթացը կարող է հանգեցնել ճնշումների և բռնաճնշումների հեռարձակողի մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք այսքան ժամանակ փորձում են ներկայացնել և պաշտպանել ժողովրդի ձայնը»,- գրել է Միքելաձեն ֆեյսբուքյան էջում:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի կարծիքով` այդ որոշումը հաշվեհարդար և հետապնդում է քննադատական կարծիք ունեցող աշխատակիցների նկատմամբ։ Նա խստագույնս դատապարտել է այդ որոշումը և համերաշխություն հայտնել իրենց գործընկերներին։ Ըստ կազմակերպության` Հանրային հեռարձակողի ղեկավարությունը կիրառել է անթափանց կարգապահական հետաքննություն քննադատական կարծիքը ճնշելու և աշխատակիցներին ահաբեկելու համար։
Դեպքին արձագանքել է նաև «Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC). ՀԿ-ի գնահատմամբ` հեռարձակողի ղեկավարության որոշմամբ հակառակ տեսակետներ ունենալու պատճառով աշխատակիցների հետապնդումը ստացել է ամենախիստ ձևերը, ինչը բացահայտորեն խախտում է լրագրողների և աշխատանքի հավասարության իրավունքը։ Ըստ կազմակերպության՝ «տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս սահմանադրությամբ պաշտպանված անկախ ինստիտուտի նկատմամբ քաղաքական վերահսկողության իրականացումը, ինչը Վրաստանում լրատվամիջոցների վատթարացող վիճակի ֆոնին ավտորիտարիզմի մտահոգիչ միտումի դրսևորում է»։
SJC-ն գրել է, որ աշխատակիցների նկատմամբ հեռուստաալիքի ղեկավարության քաղաքական հետապնդումները և աշխատանքից քննադատող ու հեղինակավոր լրագրողների հեռացումը «լուրջ բիծ է ալիքի պատմության մեջ»:
Հիշեցնենք. օրեր առաջ Վրաստանի Հանրային հեռարձակողի երկու աշխատակիցներ հրաժարականի դիմում են գրել։ Մոնիթորինգի մենեջեր Թեա Կախիանին և ռադիոյի հաղորդավար Դավիթ Վելիջանաշվիլին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել են, որ այլևս այնտեղ չեն աշխատելու։
«Առաջին ալիքում ռադիոհաղորդման հաղորդավարի իմ հրաժարականի դիմումը արդեն գրված է։ Դիմումը դեռ ուժի մեջ չի մտել», – գրել է Վելիջանաշվիլին։
Թեա Կախիանին իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ մանրամասն բացատրել է իր որոշման շարժառիթը։
«Վրաստանի Հանրային առաջին ալիքի ներքին մոնիտորինգի շրջանակում անցկացված ուսումնասիրությունների և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների զեկույցի եզրակացությունների համաձայն՝ Վրաստանի առաջին ալիքը կողմնակալություն է ցուցաբերում իշխող կուսակցության նկատմամբ և, համապատասխանաբար, այլևս չի բավարարում օրենքով սահմանված ինստիտուցիոնալ պահանջներին։ Հաշվի առնելով, որ աշխատանքային գործընթացում ձեզ տրամադրված տեղեկատվությունը չդարձավ իրավիճակի շտկման հիմք, և ոչ էլ Հսկող խորհրդի անդամների համար, և այն, որ 2025 թվականի փետրվարի 10-ին իմ ուղարկած երկար նամակը չստացավ համապատասխան արձագանք, ստիպված եմ ընդունել կազմակերպությունը լքելու որոշումը։ Կարծում եմ՝ այս պայմաններում մոնիտորինգի ծառայությունը կորցրել է իր ֆունկցիան, և նման պայմաններում աշխատանքի շարունակումը ոչ միայն իմաստ չունի, այլև նշանակում է մասնակցություն ինստիտուցիոնալ արժեքների մերժմանը», – գրել է Կախիանին նամակում` խնդրելով իր դիմումի հիման վրա 2025 թվականի մայիսի 17-ից ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից:
Հեռուստահաղորդավարների աշխատանքից ազատումն անարդարացի է. Լրագրողական էթիկայի խարտիա
SJC-ն արձագանքել է Հանրային հեռարձակողի հաղորդավարների աշխատանքից հեռացմանը