Ազատազրկված ընդդիմադիրները նամակ են գրել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Վրաստանում ազատազրկված ընդդիմության առաջնորդները նամակ են գրել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի կառավարության և նրա դաշնակիցների նկատմամբ՝ իրանական ազդեցության «աննախադեպ ընդլայնման» պատճառով։

Բրիտանական The Guardian թերթը հաղորդում է, որ նամակն արտգործնախարարին գրել են Ռուսթավիի բանտում գտնվող յոթ քաղաքական գործիչներ։

«Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ը և նրա օլիգարխ հովանավոր Բիձինա Իվանիշվիլին ամրապնդել են բոլոր պետական ​​ինստիտուտների վերահսկողությունը՝ այդպիսով ամբողջությամբ զավթելով պետությունը», — գրել են քաղաքական գործիչները։

Նրանք կոչ են արել պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր խորացնում են կապերը Իրանի հետ, նաև այն քարոզչական միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք տարածում են Ռուսաստանից ուղարկված ապատեղեկատվություն` երբեմն թիրախավորելով Մեծ Բրիտանիան։

Նամակում ընդդիմադիր կուսակցությունները նշել են.

«Մենք մտահոգված ենք, որ «Վրացական երազանք»-ի հիմնական կողմնակիցները՝ գործարար գործընկերները, Իվանիշվիլիի ընտանիքի անդամները և քարոզչական ալիքների սեփականատերերը, որոնք, ըստ հավաստի աղբյուրների, տարածում են Ռուսաստանից ուղարկված ապատեղեկատվություն, երբեմն ուղղակիորեն թիրախավորելով Մեծ Բրիտանիան, շարունակում են օգտվել բրիտանական ֆինանսական համակարգից, որոնցից մի քանիսը գործում են Լոնդոնում։

Մենք հարգանքով խնդրում ենք ձեզ քննարկել այս անձանց, նրանց կազմակերպությունների և ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը, որպեսզի նրանք այլևս չկարողանան վայելել ժողովրդավարական Մեծ Բրիտանիայի ընձեռած առավելությունները»: